Մատչելիության հղումներ

Շարունակվում է պայքարը հանուն «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի պահպանման


Այսօրվանից բողոքի ակցիաներ են մեկնարկում «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար:

Խորհրդային տարիներին կառուցված մոդեռնիզմի խորհրդանիշ համարվող շենքի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը պնդում է, որ շինության կառավարումը ստանձնած արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը այսօր ոչ միայն հողին է հավասարեցնում մշակությաին արժեքը, այլև զրկում է Հայաստանին այլընտրանքային օդանավակայաններ ունենալու հնարավորությունից:

«Միակ պետական հնարավորությունը դեպի դուրս երթևեկելու, դա մեր օդանավակայանն է․․․ Պետականի մասին է խոսքը, որովհետև մասնավորը ցանկացած պահի կարող է փակվել, կարող է վերավաճառվել: Այսօր ծանր շրջանում գտնվող Հայաստանը փաստորեն զրկվում է իր միակ ստրատեգիկ նշանակություն ունեցող օբյեկտից», - պնդեց Թարխանյանը:

Այսօր Ազատության հրապարակից դեպի Արգենտինայի դեսպանության շենքը երթի մասնակիցները նամակ հանձնեցին դեսպանատուն՝ միաժամանակ պահանջելով Հայաստանի դատական համակարգից միջամտել այս գործընթացին:

Թարխանյանը պնդում է, որ Արգենտինայի քաղաքացի Էռնեկյանը իր բիզնես գործունեությունը Հայաստանում պատշաճ մակարդակով չի իրականացնում․ - «Փոխանցեցինք դեսպանատան միջոցով Արգենտինայի դատախազությանը, որպեսզի սկսեն ուսումնասիրել, թե դա ինչ բիզնեսի ձև է, երբ որ մի պետական գույք վերցվում է և ամբողջությամբ ապամոնտաժվում է»:

Թարխանյանը պնդում է, թե շենքը ոչ միայն մշակութային արժեք է, այլև վերականգնելու դեպքում կարող է սպասարկել բոլոր ներքին թռիչքները:

Մինչդեռ տարիներ շարունակ արգենտինահայ գործարարի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը գանգատվում էր, թե «Զվարթնոց»-ի հին համալիրը վերածվել է վտանգավոր կառույցի:

Թարխանյանը սա համարում է հերյուրանք՝ հավելելով, որ շենքի պահպանման բազմաթիվ առաջարկեր է ներկայացնել․ - «Հանձնաժողովներ են կազմվել, այդ հանձնաժողովները մեկը մյուսի հետևից պնդել են, որ շենքը գտնվում է լավ վիճակում և հնարավոր է օգտագործել: Իսկ ասածը բացառիկ սուտ է: Դրա հետ միասին արվել են նախագծեր, որոնք տվել են Էռնեկյանին․ մոտ 40 հազար մակերեսով հնարավորություն կա արդիականացնել «Զվարթնոց» օդանավակայանը: Որը նույնպես անտեսվել է Էռնեկյանի կողմից»:

Այսօր «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տրամադրել հարցի շուրջ:

2012-ին Վիեննայի 19-րդ Ճարտարապետական կոնգրեսի շրջանակներում ընդունվել էր բանաձև, որով Հայաստանի կառավարությանը կոչ էր արվել պահպանել, առանց ձևափոխությունների վերականգնել և պատմական հուշարձանների շարքում ընդգրկել խորհրդային մոդեռնիզմի նմուշները, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային կլոր համալիրը։ Ավելի վաղ այս հարցով Հայաստանի իշխանություններին էր դիմել նաև Թանգարանային միջազգային խորհրդի Հայաստանի կոմիտեն՝ Հայաստանի վարչապետին և Էդուարդո Էռնեկյանին առաջարկելով շենքը վերածել ժամանակակից ավիացիայի թանգարանի:

Ճարտարպետ Սաշուր Քալաշյանը հիշեցնում է, որ չկա թերևս որևէ կառույց, որին չեն դիմել շենքի ճակատագրով մտահոգվածները: Բոլոր առաջարկները անարձագանք են մնացել, քանի որ, ըստ նրա, դա ընդամենը «բիզնես շահ է բոլոր կողմերի համար»» - «Ե՛վ մեր կառավարության, և՛ Էռնեկյանի․․․ Ո՞ւր ա Մշակույթի նախարարությունը, ո՞ւր են բոլոր պատկան ատյանները, որոնք պիտի մտահոգվեին էս հարցով: Ինչո՞ւ է դա մտահոգում միայն մեզ՝ ճարտարապետներիս: Դա ցավալի իրողություն ա, և ես պարզապես դրա պատասխանը չունեմ: Ես միայն գիտեմ, որ ճարտարապետությունը յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր ազգի մշակույթի դիմագիծն է, և եթե մենք իրար հետևից ոչնչացնում ենք այդ դիմագիծը, մենք այլևս գոյատևելու հնարավորությունը չենք ունենալու: Սա անդառնալի կորուստներ են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG