Մատչելիության հղումներ

Ստամբուլում կբացվի հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի պատկերասրահը


Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը համաձայնության է եկել թուրքական «Դողուշ» հոլդինգի հետ Ստամբուլում իր լուսանկարների միջազգային պատկերասրահ բացելու շուրջ:

«Ակօս» պարբերականը, հղում կատարելով թուրքական NTV կայքին, հաղորդում է, որ Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասում գտնվող շենքը, որտեղ ծնվել, մեծացել, ապա նաև ստեղծագործել է անվանի լուսանկարիչը, վերածվելու է պատկերասրահի, որտեղ ցուցադրվելու են Գյուլերի լուսանկարները, պաստառները, անձնական իրերը, մրցանակները, ներկայացվելու է նրա կյանքն ու արվեստը:

Պատկերասրահի ստեղծման աշխատանքներին մասնակցելու են ինչպես թուրք, այնպես էլ օտարերկրյա մասնագետներ․ այն դառնալու է արվեստի կարևոր միջազգային կենտրոն՝ որպես այդպիսին առաջինը լինելով Թուրքիայում:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած «Դողուշ» հոլդինգի ղեկավար Ֆերիդ Շահանեքը նշել է, որ Արա Գյուլերի հետ համագործակցության նպատակը լուսանկարչի ստեղծագործական ժառանգությունը պահպանելն է ու այն փոխանցելը գալիք սերունդներին:

Ի դեպ, անցած տարվա դեկտեմբերին Արա Գյուլերը խզել էր այս ընկերության հետ ավելի վաղ կնքած պայմանագիրը` հայտարարելով, որ չի պատրաստվում իր արխիվը փոխանցել թուրքական հոլդինգին և ցանկանում է իր անունով թանգարան հիմնել:

Այս անգամ «Դողուշ» հոլդինգին հաջողվել է համաձայնության գալ հայազգի լուսանկարչի հետ:

Միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած 87-ամյա Արա Գյուլերին անվանում են «Ստամբուլի աչք», «ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան»: Նա իր լուսանկարներում պատկերել է հին ու նոր Ստամբուլը, Արևմտյան Հայաստանի քաղաքներն ու հուշարձանները: Գյուլերի ֆոտոխցիկը «որսացել» է այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Սոֆի Լորենը, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը:

Հայազգի հայտնի լուսանկարչի տասնամյակների աշխատանքը ընդգրկող հսկայական արխիվը, ըստ թուրքական մամուլի, 3 միլիոն եվրո է գնահատվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG