Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Սեֆիլյանի գործով կալանվածը նրան չի ճանաչում, որևէ ցուցմունք չի տվել


Ժիրայր Սեֆիլյան, արխիվ
Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

Ներսես Պողոսյանի պաշտպանի կարծիքով, այս ամենի նպատակն ընդամենը Սեֆիլյանի դեմ «մեծ գործ սարքելն է»:

Մայիսի 31-ից կալանավորված, «ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու կամ փոխադրելու» մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանի փաստաբանը պնդում է՝ իր պաշտպանյալը գաղափար անգամ չունի իրեն առաջադրված մեղադրանքների մասին։ Ըստ պաշտպանի, Պողոսյանն անցնում է ազատազրկված ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի գործով, ում անձամբ չի էլ ճանաչում։

«Մեզ էդպես էլ մինչ օրս հայտնի չի, թե իրականում ինչ մասնակցություն ունի նա ընդհանրապես, որովհետև նույն կալանքի մասին միջնորդության մեջ տարբեր տեղերում տարբեր դրվագներ են ներկայացվում, որոնք մեկը մյուսի հետ կապ չեն ունենում, ու կոնկրետ չի հասկացվում, թե ինչի մեջ է մեղադրվում Ներսես Պողոսյանը: Ինքն էլ իր հերթին չի ընդունում մեղքը»,- ասում է Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցը:

Նրա խոսքով՝ կալանավորումից ի վեր, ավելի քան մեկ ամսվա ընթացքում, Պողոսյանի գործով քննչական գործողություններ գրեթե չեն կատարվել, մեղքը չընդունող իր պաշտպանյալն էլ հրաժարվում է ցուցմունքներից։ «Մամուլում շրջանառվեց նաև Ներսես Պողոսյանի անունը, ասում էին, որ իբր Ներսեսի ցուցմունքներով են ձերբակալել Սեֆիլյանին, այնինչ՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Ներսես Պողոսյանը որևէ ցուցմունք որևէ անձի դեմ չի տվել այն պարզ պատճառով, որ նա ընդհանրապես ցուցմունք չի տվել: Իսկ Ժիրայր Սեֆիլյանին ընդհանրապես չի էլ ճանաչում»,- շարունակում է փաստաբանը:

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Սեֆիլյանի ձերբակալությունից հետո մամուլը սկսեց շրջանառել Սեֆիլյանի գործով անցնող անձանց անուններ, այդ թվում՝ Ներսես Պողոսյանի անունը, իսկ Քննչական կոմիտեն միայն հայտնեց, որ Սեֆիլյանից բացի «մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք ձեռք բերելու կամ փոխադրելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձանց», որոնցից 6-ն այժմ ազատազրկված են։ Առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու, ՔԿ-ից միայն նշում են՝ բավարար ապացույցներ կան:

Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյան՝ «Նախքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց մեղադրանքներ առաջադրելու համար, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Այս փուլում ապացույցները հրապարակման ենթակա չեն»:

Փաստաբան Նինա Կարապետյանցը հակադարձում է՝ իր պաշտպանյալին անգամ կասկածելու հիմքեր չկան։ «Ավելին ասեմ՝ մինչ օրս նախաքննության մարմինը մեզ չի տրամադրել այն նյութերը, որոնք օրենքով պարտադիր հասանելի պիտի լինեին մեր պաշտպանյալին»,- ասում է Կարապետյանցը:

Ոչ միայն «Հիմնադիր խորհրդարան»-ի, այլև բոլոր մյուս ընդդիմադիր գործիչների հանրահավաքներին մասնակցած Ներսես Պողոսյանին, պաշտպանի խոսքով, պարզապես օգտագործում են՝ «Եվ ես կարծում եմ, որ այս մեծ խումը, որ հերթով ձերբակալեցին ու կալանավորեցին, նպատակը ոչ թե Պողոսյանն էր, ոչ թե մնացած այլ անձինք էին, այլ նպատակը հենց Սեֆիլյանն էր, որպեսզի կարողանան ինչ-որ հիմք հավաքեն, խումբ հավաքեն, քանակ հավաքեն՝ ավելի մեծ գործ սարքելու համար: Կարծում եմ, որ իմ պաշտպանյալն այստեղ պեշկայի դերում ա»:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի խոսքով, Ներսես Պողոսյանի անունը Սեֆիլյանին ծանոթ չէ։ Փաստաբանը հավելում է՝ իր պաշտպանյալին առնչվող քննչական գործողությունները ևս չափազանց պասիվ են ընթանում, ինչը, Զաքարյանի խոսքով, մատնում է իրավապահների մտադրությունը՝ Սեֆիլյանին պարզապես պահել ճաղերի ետևում։ Վաղը վերաքննիչ դատարանը կքննի Սեֆիլյանի կալանքի որոշման վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը։

Հարցին՝ հույս ունե՞ք, որ Սեֆիլյանն ազատ կարձակվի, փաստաբան Արա Զաքարյանը քմծիծաղով արձագանքեց՝ «Ես հույս կունենայի, եթե մեր դատարանները կալանքի հետ կապված գործերով քիչ թե շատ ունակ լինեին արդարադատություն իրականացնել: Եվ նաև հաշվի առնելով Ժիրայր Սեֆիլյանի անձը և այն հանգամանքը, որ այս գործը խիստ քաղաքական է, և որ իշխանություններն, ըստ էության, Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հետապնդում են իրականացնում բացառապես մեկ նպատակ հետապնդելով՝ լռեցնել նրան, որևէ հույս չունեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կհայտնվի մի դատավոր, ով ընդունակ կլինի այս գործով արդարացի որոշում կայացնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG