Երկկողմ ռազմաքաղաքական կապերն ամրապնդելու նպատակով Քերրին այսօր «Պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության մասին» հուշագիր ստորագրեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Բանակցող կողմերը մինչև վերջին պահը չէին բացահայտում ստորագրվելիք փաստաթղթի մանրամասները: Reuters գործակալությունը, սակայն, կարողացել է ծանոթանալ ստորագրված փաստաթղթի տեքստին:
«Այս հուշագրով ամերիկյան կողմը պարտավորվում է մի շարք քայլեր ձեռնարկել, որոնք կամրապնդեն Վրաստանի զինված ուժերի պաշտպանական կարողությունները», - պնդում է գործակալությունը:
Խոսքը, մասնավորաբար, ռազմական բնույթի տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև վրացական զորքերի մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու մասին է:
Մեկ այլ արևմտյան աղբյուրի` Associated Press-ի տեղեկություններով, ամերիկյան կողմը խոստացել է առաջիկայում վրաց զինվորականների մարզումներ կազմակերպել, ինչպես նաև ռազմական բնույթի սարքավորումներ մատակարարել վրացական բանակին:
Ընդհանուր առմամբ, ըստ արևմտյան աղբյուրների, ամերիկյան կողմը խոստանում է առաջիկայում լուրջ ջանքեր գործադրել վրացական բանակի արդիականացման ուղղությամբ:
Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Միացյալ Նահանգների պետքատուղարը մեկ անգամ ևս նշել է, որ Վաշինգտոնն ու Թբիլիսին շարունակելու են խորացնել հարաբերությունները:
«Ես ժամանել եմ՝ ինձ հետ բերելով նախագահ Օբամայի ուղերձը: Դրա բովանդակությունը հետևյալն է` Միացյալ Նահանգները միանշանակորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանը, բարգավաճմանն ու եվրատլանտյան ձգտումներին: Միացյալ Նահանգները նաև աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը` երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - հայտարարել է Ջոն Քերրին` Թբիլիսիից ուղղակիորեն դիմելով Ռուսաստանի ղեկավարությանը․ - «Մենք կրկին կոչ ենք անում Մոսկվային կատարել 2008 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի դրույթները և հետ քաշել զորքերը մինչև հակամարտության սկիզբը զբաղեցրած դիրքերը: Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի մի մասի օկուպացիան և այդ շրջանների միլիտարիզացիան մեզ համար անընդունելի են»:
Միացյալ Նահանգների պետքարտուղաըը Վրաստան ժամանեց ՆԱՏՕ-ի` Վարշավայում մեկնարկող գագաթաժողովից երկու օր առաջ: Թեև Թբիլիսիում մեծ հույսեր չեն կապում առաջիկա գագաթաժողովի հետ, այնուհանդերձ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ ութ տարի առաջ էր սկզբունքային հավանություն տվել ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի հեռանկարին:
«2008-ին կայացած Բուխարեստի գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամները հայտարարեցին, որ Վրաստանն անդամակցելու է դաշինքին», - հիշեցրել է Քերրին` հատուկ ընդգծելով, որ այսօր էլ Վրաստանը ակտիվորեն մասնակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո կազմակերպվող գործողություններին․ - «Վրաստանը Աֆղանստանում տեղակայված ստորաբաժանումների թվաքանակով ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող պետությունների մեջ առաջատարն է: Մեր քաջարի զորքերը տարիներ շարունակ կողք-կողքի մարտնչում են Հելմենդ գավառում: Միացյալ Նահանգները բարձր է գնահատում վրացական կողմի` Աֆղանստանում կատարած զոհողությունները»:
Այսօրվա բանակցությունների մյուս թեման հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն էին: «Խիստ կարևոր է, որ աշնանը Վրաստանում արդար և թափանցիկ ընտրություններ կայանան: Դա շատ կարևոր է հատկապես երկրի հետագա առաջընթացի ապահովման համար», - այդ առնչությամբ նշել է Քերրին:
Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո Ջոն Քերրին մեկնել է Վրաստանի նախագահի` Հավլաբարում գտնվող նստավայր: Գիորգի Մարգվելաշվիլիի և Ջոն Քերրիի բանակցությունները ավարտվեցին քիչ առաջ:
Թբիլիսին Ջոն Քերրիի հարավկովկասյան միակ կանգառն էր: Այս անգամ ո՛չ Երևան և ո՛չ էլ Բաքու Քերրին այցելել չի պատրաստվում: Ուշ երեկոյան Միացյալ Նահանգների պետքարտուղարը Թբիլիսիից կուղևորվի Կիև՝ չնայած այն հանգամանքին, որ իր իսկ խոստովանությամբ, կգերադասեր չլքել Վրաստանը․ - «Խաչապուրի և հրաշալի գինի համտեսելուց հետո ես այսօր, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում, թե ինչու ավելի շուտ չէի վերադարձել Վրաստան: Անկեղծորեն խոստովանեմ, որ եթե իմ այցը Կիև ծրագրված չլիներ և եթե այնտեղից էլ Վարշավա մեկնելու չլինեի, ես կգերադասեի ավելի շատ ժամանակ անցկացնել Թբիլիսիում»: