Մատչելիության հղումներ

Աբխազիայի ղեկավարի պնդմամբ, կատարվել են ընդդիմության «գրեթե բոլոր» պահանջները


Ընդդիմության բողոքի ցույցը Սուխումում, 5-ը հուլիսի, 2016թ․
Ընդդիմության բողոքի ցույցը Սուխումում, 5-ը հուլիսի, 2016թ․

Աբխազիայում ստեղծված իրադրությանն այսօր արձագանքել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Առնվազն տասնյոթ մարդ է տուժել երեկ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով։ Այսօր այդ մասին հայտարարել է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան։

«Այն, ինչ տեղի է ունեցել երեկ, բարբարոսություն է»,- ասել է հանրապետության ղեկավարը՝ հավելելով, որ ներքին գործերի նախարարության շենքը ցուցարարների կողմից հարձակման է ենթարկվել հենց այն պահին, երբ ինքն այնտեղ հանդիպում էր ընդդիմության ներկայացուցիչների հետ: «Մենք կանենք հնարավորը, որպեսզի նման բան չկրկնվի»,- նաև ասել է Խաջիմբան՝ շարունակելով՝ «Ես շնորհակալ եմ այն տղաներին, մեր այն աշխատակիցներին, որոնք երեկ կանգնել են մինչև վերջ և թույլ չեն տվել, որ արյունահեղություն լինի: Սակայն, մեր համբերությունն անսպառ չէ»: Իսկ հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսեյ Լոմիան էլ այսօր հայտարարել է, թե ոստիկանությունը զենք գործադրելու իրավունք ունի։

Նախօրեին Աբխազիայում բողոքի ցույցի ավելի քան հազար մասնակիցներ գրոհել էին հանրապետության ներքին գործերի նախարարության շենքը: Նրանք պահանջում էին հետաձգել արատահերթ նախագահական ընտրությունների հարցով անցկացվելիք հանրաքվեն: Ցուցարարների պահանջներից էր նաև ներքին գործերի նախարարի հրաժարականը: Տեղի էր ունեցել բախում ոստիկանների հետ, ինչից հետո նախագահ Ռաուլ Խաջիմբան ՆԳ նախարարին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։

Աբխազիայի առողջապահության նախարար Անզոր Գոովի հաղորդմամբ, տուժածների վիճակը նորմալ է։ Նախագահ Խաջիմբան նաև հայտարարել է, որ հանրաքվեն կանցկացվի հուլիսի 10-ին, ինչպես և նախատեսված էր: Քվեարկությանը կկարողանան մասնակցել նաև այն քաղաքացիները, որոնց անձնագրերը «ժամկետանց են»: Դա հենց այն է, ինչ պահանջում էին ընդդիմադիրները:

Այդպիսով, ըստ Խաջիմբայի, բացառությամբ հանրաքվեի հետաձգման, բավարարվել են ցուցարարների բոլոր պահանջները, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձզապշբայի պաշտոնանկությունը: Մինչդեռ, ընդդիմադիրներն այսօր էլ պնդում են, որ հանրաքվե անցկացնելու համար չեն ստեղծվել բոլոր անհրաժեշտ պայմանները, պահանջելով հետաձգել այն մինչև աշուն։

Աբխազիայում ստեղծված իրավիճակն այսօր մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով, «Կրեմլն ուշադիր հետևում է Սուխումում տեղի ունեցող զարգացումներին և հույս ունի, որ բոլոր հարցերը կկարգավորվեն սահմանադրական ճանապարհով»: «Անշուշտ, մենք կցանկանայինք տեսնել մեր հարևան Աբխազիան որպես զարգացող և կայուն պետություն»,- ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG