Մատչելիության հղումներ

Հրազդանում մարդիկ ստիպված ապրում են դեռ 88-ի երկրաշարժի հետևանքով վթարային դարձած շենքում


«Պատի ճեղքերն այնքան են մեծացել, որ կենդանիներ են ներս մտնում»,- դժգոհում են Հրազդանի Միկրոշրջան թաղամասի վթարային շենքի բնակիչները՝ հավելելով, թե շենքից ամեն օր քարեր են թափվում, քնում ու արթնանում են հերթապահելով։

«Երկրաշարժի տարիները որ կար, մարդիկ վախենում էին տուն մտնեին, գալիս խումբ-խումբ նստում էին՝ հացը տեղում, ջուրը տեղում, ամեն ինչը տեղում էին անում, հիմա նույն վիճակն ա», - փոխանցեց բնակիչներից մեկը:

Բազմաբնակարան շենքում նախկինում 80 ընտանիք է ապրել, իսկ հիմա, ըստ բակում հավաքվածների, մեծ մասն արդեն լքել են քանդված տները։ Բնակիչների խոսքով, շենքը վթարային է դարձել 88-ի երկրաշարժից հետո. տարեցտարի ճեղքերը մեծացել են։

«Գիշերը որ պառկում ենք, պատերի ճռճռոցը լսվում ա», - պատմեց մի կին: - «Մենք հլը ոչինչ, բայց որ երեխեքը տան մեջ են․․․ Կատակի են տալիս, որ գնում ենք բողոքելու․ ասում ենք՝ հնարավոր չի, երեխա ա վերջապես, պետք ա դեպք լինի նո՞ր, ասում են՝ կտանենք վախներդ կչափենք»:

Բնակիչներից Արև Վարդումյանը Հանրապետական կուսակցության անդամատոմսով էր եկել «Ազատության» հետ զրույցի, ասաց` վարչապետին ու նախագահին նամակ է գրել, սակայն հստակ պատասխան չի ստացել։

Հրազդանցիները մի քանի անգամ նաև քաղաքապետարան են դիմել։ Քաղաքապետ Արամ Դանիելյանը պատասխանել է, որ եթե Հրազդանում նոր շենք կառուցվի, առաջինն իրենց բնակարանով կապահովեն։ Մինչ այդ առաջարկել են վարձով բնակարաններ տեղափոխվել ու խոստացել, որ ամեն ամիս բնակիչների փոխարեն 10 հազար դրամ կվճարեն։
«Որտեղի՞ց ճարես 10 հազարով տուն», - տարակուսում են բնակիչները:

«Ազատության» այցելության պահին Կոտայքի մարզպետարանի շենքում, որտեղ նաև քաղաքապետարանն է տեղակայված, վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ «Նաև երկու մանկապարտեզ ենք վերանորոգում», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանային և կոմունալ բաժնի պետ Շոթա Խաչատրյանը՝ հավելելով, թե համայնքի բյուջեն առաջնային խնդիրների լուծմանն է ուղղվում։

Պաշտոնյան վստահեցրեց՝ 13 վթարային շենքերի ու տների մասին կառավարությանը տեղյակ պահել են․ - «Ես գիտեմ, որ ներառված է մեր քաղաքի շենքը այդ ծրագրերում, բայց թե կոնկրետ որ թվի, ես էդ տեղեկատվությանը չեմ տիրապետում: Ընթացիկ ինչ որ հնարավոր ա, ինչ որ մեր լիազորությունների շրջանակներում ա, իրականացվում ա»:

Բնակիչների խոսքով, մինչդեռ, առաջին տարին չէ, որ իշխանության ներկայացուցիչների խոստումներն են լսում, դրանց այլևս չեն հավատում․ - «Վերին խավը սպասում ա, որ էս շենքը նստի, էդ ամբողջ գյուղը խորտակվի՝ ժողովրդի հետ, ասի՝ հանրապետության ֆլագը իջացրեք, էսքան մարդ ա զոհվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG