Մատչելիության հղումներ

Պուտինը պարգևատրել է կոռուպցիոն սկանդալի հերոսներից մեկին


Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի պնդմամբ, Սերգեյ Ռալդուգինի անունը կապվում է միլիարդավոր դոլարների հասնող «օֆշորային շրջանառության» հետ:

Ռուսաստանի նախագահն այսօր պետական բարձր պարգևի՝ Ալեքսանդր Նևսկու շքանշանի է արժանացրել իր ընկերոջը՝ թավջութակահար, Մարիինյան թատրոնի դիրիժոր Սերգեյ Ռալդուգինին, ում անունն ընդամենը մի քամի ամիս առաջ հայտնվել էր պանամյան աղմկահարույց փաստաթղթերում՝ կապված միլիոնների հասնող կոռուպցիոն գործարքների հետ:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը պնդել էր, թե Ռալդուգինն օֆշորային չորս ընկերություն ունի, որոնց միջոցով կատարվել են գործարքներ՝ կապված ռուսաստանյան խոշորագույն պետական ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի, «Ռոստելեկոմ»-ի, ՎՏԲ-ի բաժնետոմսերի հետ՝ միլիոնավոր դոլարների եկամուտ բերելով երաժիշտին: Ընդհանուր առմամբ, ըստ հետաքննող լրագրողների, Ռալդուգինի օֆշորային ընկերությունների շրջանառությունը կազմել է մոտ 2 միլիարդ դոլար:

Հատկանշական է, որ նշված ընկերությունների հետ հանրահայտ երաժշտի կապը հաստատել են նաև Լիտվայի իշխանությունները՝ փաստելով, որ դրամային փոխանցումները կատարվել են նաև լիտվական բանկերի միջոցով: Ինքը՝ ՌԴ նախագահ Պուտինը ևս ամիսներ առաջ չհերքեց, որ իր երաժիշտ բարեկամը նաև բիզնեսով է հետաքրրքվում՝ ընդգծելով, թե «հպարտանում է նրա պես մարդկանցով»:

«Նա փոքր չափով բաժնետոմսեր ունի մեր ընկերություններից մեկում, և այնտեղ ինչ-որ չափով գումար է աշխատում, բայց խոսքն ամենևին միլիարդների մասին չէ: Դա հիմարություն է: Ռալդուգինն իմ ընկերն է, և ես հպարտանում եմ նրա պես մարդկանցով, քանի որ Սերգեյ Պավլիչը իր ստացած գրեթե ողջ եկամուտը ծախսում է դրսում նոր երաժշտական գործիքներ գնելու և դրանք Ռուսաստան տեղափոխելու վրա»,- հայտարարել էր Պուտինը:

Մինչդեռ, լրագրողական հետաքննությունը բացահայտել էր, թե ինչպես են Ռալդուգինին պատկանող օֆշորային ընկերությունները միլիոններ աշխատում. մատնանշվել էին բազմաթիվ դեպքեր, երբ խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերը գնվել են և հաջորդ իսկ օրը մի քանի անգամ ավելի բարձր գնով վաճառվել: Քիչ չեն եղել նաև «տարօրինակ նվիրատվությունները»՝ Պուտինի մերձավոր բարեկամին:

Օրինակ, 2007 թվականին օֆշորային մի ընկերություն Ռալդուգինին պարտքով տվել է 6 միլիոն դոլար: Մի քանի ամիս անց, սակայն, ներել է այդ հսկայական պարտքն ընդամենը մեկ դոլարի դիմաց: Լրագրողական հետաքննությունը նաև պարզել էր, որ գրեթե բոլոր դեպքերում այս նվիրատվությունները կատարվել են խոշոր գործարարների կողմից, որոնք այս կամ այն չափով ենթակա են Կրեմլին:

Պուտինը, սակայն, կտրականապես հերքել է նշված մեղադրանքները՝ պնդելով, թե փաստաթղթերը «հորինվել են» զուտ Ռուսաստանին դրսից հարվածելու, երկիրն ավելի կառավարելի դարձնելու համար: «Ես տեսել եմ այդ փաստաթղթերը, այնտեղ ետին պլանում բազմաթիվ մարդիկ կան, առջևում՝ ձեր խոնարհ ծառան: Անընդհատ պնդում են, որ իմ ընկերներից այս մեկը այսինչ բանն է արել, մյուսը՝ մեկ այլ բան, ինչը, հնարավոր է, կոռուպցիոն տարրեր է պարունակել: Ինչի՞ մասին է խոսքը... չկա նման բան, իսկ այն, որ դրանց ետևում կանգնած են ամերիկացի պաշտոնյաներն ու պաշտոնական կառույցները՝ մեզ «Վիքիլիքս»-ը ցույց է տվել արդեն»,- ասել է Պուտինը:

Իր բարեկամ Ռալդուգինից բացի, ՌԴ նախագահն այսօր պետական բարձր պարգևի է արժանացրել նաև Մարիինյան թատրոնի տնօրեն Վալերի Գերգիևին և միլիարդատեր Օլեգ Դերիպասկային՝ «խաղաղությանն ու ժողովուրդների միջև բարեկամությանը նպաստելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG