Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԳ նախարարը հերքում է «Ինջիրլիք»-ը նաև ռուսներին տրամադրելու իր ակնարկը


Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշողլիի հանդիպումը Սոչիում, 1-ը հուլիսի, 2016թ․
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշողլիի հանդիպումը Սոչիում, 1-ը հուլիսի, 2016թ․

Այս հարցի առնչությամբ պարզաբանումներ է ներկայացրել նաև ՌԴ նախագահի խոսնակը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր արդեն հերքել է նախօրեին տեղական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում հնչեցրած իր այն ակնարկը, թե թուրքական կողմը պատրաստ է «Ինջիրլիք» ռազմաբազան տրամադրել նաև Ռուսաստանին։

Թուրք պաշտոնյան պնդել է, թե ինքը Ադանայում տեղակայված ավիաբազան Ռուսաստանի առջև բացելու մասին ոչինչ չի ասել, և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցության պատրաստակամության մասին իր խոսքերը սխալ են մեկնաբանվել:

Մինչդեռ կիրակի օրը Մևլութ Չավուշօղլուն TRT Haber-ին տված հարցազրույցի ժամանակ ասել էր՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում մենք բոլորի հետ համագործակցում ենք: Գիտեք, որ «Ինջիրլիք» ռազմաբազան տրամադրել ենք ԻՊ-ի դեմ պայքարին ակտիվորեն մասնակցել ցանկացողներին: Ինչո՞ւ նույն կերպ չհամագործակցենք նաև Ռուսաստանի հետ: Այս ահաբեկչական կազմակերպությունը բոլորիս թշնամին է, և պետք է պայքարենք դրա դեմ»։

Այս հարցի շուրջ պարզաբանմամբ է հանդես եկել նաև ռուսական կողմը։ «Ռուսաստանին «Ինջիրլիք» ռազմաբազայի տրամադրման շուրջ Թուրքիայի հետ պաշտոնական բանակցություններ առայժմ չկան»,- այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Չգիտեմ, արդյո՞ք զինվորականների մակարդակով այս հարցի շուրջ արդեն իսկ եղել են պաշտոնական շփումներ և կարծիքների փոխանակում: Եթե չեմ սխալվում՝ ոչ: Մենք այդ հայտարարության մասին մամուլից ենք լսել: Անկասկած, դա կարևոր հայտարարություն է, որը պետք է պատշաճ կերպով վերլուծել և՛ քաղաքական, և՛ ռազմական տեսանկյուններից»,- ասել է Պեսկովը:

«Իսլամական պետությանը» հարվածներ հասցնելու նպատակով «Ինջիրլիք» ռազմաբազայից օգտվելու իրավունք Թուրքիան ներկայումս տրամադրել է ԱՄՆ-ին, Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Քաթարին և Սաուդիան Արաբիային:

Թուրքիայի ԱԳ նախարարը TRT Haber-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ռուս-թուրքական հարաբերությունների «արագ կարգավորման» գործընթացին` խոսելով, մասնավորապես, օրերս Սոչիում կայացած՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքների մասին: Նա նշել է, որ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը շատ արդյունավետ է եղել երկկողմ հարաբերությունների, ի մասնավորի՝ տնտեսական համագործակցության, և տարածաշրջանային խնդիրների տեսանկյունից:

Չավուշօղլուն վերահաստատել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն մինչև սեպտեմբերի սկզբին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովը: «Ամենայն հավանականությամբ, Էրդողան-Պուտին հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին»,- ասել է նա` հավելելով, թե երկու երկրների համապատասխան նախարարները կզբաղվեն այդ հանդիպման նախապատրաստությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG