Վրաստանի Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախկին ղեկավար Լևան Վարշալոմիձեն վերադարձել է Վրաստան և մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Աջարիայի գերագույն խորհրդի ընտրություններում:
Այսօր վրաց-թուրքական սահմանային Սարփի անցակետում նրան դիմավորել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Ազգային միացյալ շարժման» ներկայացուցիչները, մեծ թվով աջակիցներ, լրագրողներ: Այստեղ է եղել նաև Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը:
Թուրքիայից Վրաստան վերադառնալու՝ Վարշալոմիձեի մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր հենց Միխեիլ Սաակաշվիլին: