Մատչելիության հղումներ

Խուզարկություններ «Նոր Հայաստան»-ի տասնյակ անդամների ու նրանց հարազատների տներում


Պավլիկ Մանուկյան, արխիվ
Պավլիկ Մանուկյան, արխիվ

Սա քաղաքական հետապնդում է «Նոր Հայաստան» շարժման անդամների նկատմամբ, ասաց Վարուժան Ավետիսյանը։

Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ մի շարք խուզարկություններ են կատարվել «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման տասնյակ անդամների ու նրանց հարազատների տներում։

Ինչպես «Ազատության»-ը հայտնեց շարժման անդամ Վարուժան Ավետիսյանը, իրավապահները ձերբակալել են ազատամարտիկ Պավել Մանուկյանի եղբորը՝ Թաթուլ Մանուկյանին, որի բնակարանում հայտնաբերվել են փամփուշտներ։

Ավետիսյանը հայտնեց՝ Թաթուլ Մանուկյանը ևս ազատամարտիկ է, և այդ փամփուշտները նրա մոտ են մնացել պատերազմից։ «Անկախ Թաթուլ Մանուկյանի հետ կապված էպիզոդից, որը հասկանալի է, որ քրեորեն պատժելի արարք է, մնացած առումներով ակնհայտ է քաղաքական հալածանքը։ Բոլորս հասկանում ենք, որ Թաթուլ Մանուկյանի բնակարանը խուզարկելու նպատակով չէին գնացել, որպեսզի պարզեն՝ Թաթուլ Մանուկյանն ունի՞ ինչ-որ բան օրենքով արգելված, տվյալ դեպքում՝ զենք-զինամթերք, թե՞՝ ոչ։ Նրանք այդ ամենն անում են կոնկրետ տվյալ դեպքում Պավել Մանուկյանի և իր շրջանակի հետ կապելու համար», - ասաց Ավետիսյանը։

«Նոր Հայաստան» շարժման անդամը պնդեց՝ իշխանության նպատակն է վախեցնել շարժման անդամներին, ինչպես նաև փորձել ապացույցներ ձեռք բերել Սեֆիլյանի մեղադրանքի համար։

«Փորձում են ինչ-որ կերպ միս ու արյուն տալ էդ կեղծ կառուցված կմախքին, բայց այդպես էլ նորից տեսանք, որ չի ստացվում։ Բացի դա, ունեն ուրիշ նպատակներ՝ ահաբեկում են մարդկանց։ Հասկանալի է, որ ազատամարտիկները ահաբեկվող չեն, բայց մեր շուրջը հավաքված մարդկանց, համակիրներին, աջակիցներին, փորձում են այս մարդկանց ճնշելով, բռնությունների ենթարկելով մնացածներին հեռու պահել, վանել նրանցից», - ասաց Ավետիսյանը։

Նա փոխանցեց, որ բացի Թաթուլ Մանուկյանի բնակարանից, մյուսների բնակարաններում խուզարկության արդյունքում ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։

Պավել Մանուկյանն ասաց, որ երեկ՝ վաղ առավոտյան, իրավապահները, մուտք գործելով իր բնակարան ու մոտ երկու ժամ խուզարկություն անցկացնելով, ձեռնունայն հեռացել են՝ իրեն որպես վկա հրավիրելով հարցաքննության Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։

«Հետո հրավիրեցին Քննչական կոմիտե, փորձեցին կապել Ժիրայր Սեֆիլյանի և այդ ութ հոգու հետ արհեստական կապ փորձեցին ստեղծել, բայց բացի Ժիրայր Սեֆիլյանից և Սասուն Կիրակոսյանից, ես ոչ մեկին չեմ ճանաչում։ Կարող է դեմքով տեսնեմ ու ասեմ, որ ինչ-որ տեղ տեսել եմ», - ասաց Պավել Մանուկյանը։

Ազատամարտիկը շեշտում է՝ եղբայրը կապ չունի «Նոր Հայաստան» շարժման գործունեության հետ։ Նա, ըստ Մանուկյանի, Ժիրայր Սեֆիլյանին ղարաբաղյան պատերազմի տարիներից հետո մեկ անգամ է հանդիպել։

«Այն ժամանակ էլ բանակը նոր էր կազմավորվել, մենք ինքներս շատ տեղերից փամփուշտներ էինք գնում, բերում, սեփական փողերով և այլն, և տենց էլ երևի մի տեղ կուտակած մնացել է և ոչ մեկն էլ բանի տեղ չի դրել, սրանք էլ հարմար առիթը բաց չեն թողել», - ասաց Պավել Մանուկյանը։

Քննչական կոմիտեն արդեն հաղորդել է, որ երեկ 13 տարբեր հասցեներում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում առգրավվել են տարբեր փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաև մոտ 500 փամփուշտներ։

Ըստ հաղորդման, խուզարկման ենթարկվածներից մեկին ձերբակալել են մարտական փամփուշտներ հայտնաբերելուց հետո։

Չհստակեցնելով, թե որ գործի շրջանակներում են կատարվել խուզարկությունները և ով է ձերբակալվածը՝ կոմիտեն նշում է միայն, որ շարունակվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանը հունիսի 22-ից կալանքի տակ է հենց այս մեղադրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG