Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ծննդյան օրվա առթիվ


Ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

Հայաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Դուք մեծ ավանդ ունեք մեր պետականության կերտման, մեր երկրի ու հասարակական կյանքի առաջընթացի գործում: Այսօր ևս ի դիմաց բազում դժվարությունների՝ չնվազող նույն նախանձախնդրությամբ Դուք շարունակում եք արդյունավոր ջանքեր բերել՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության զորացման և մեր ժողովրդի կենսական շահերի պահպանության»:

Ռուսաստանի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Դուք, իրավամբ, վայելում եք մեծ հարգանք Ձեր համերկրացիների շրջանում, ինչպես նաև զգալի հեղինակություն ունեք արտերկրում ՝ որպես փորձառու և հեռատես պետական գործիչ, ով շատ բան է արել իր պետության սոցիալ-տնտեսական զարգացման և միջազգային հարթակում երկրի շահերի պաշտպանության համար: Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված ընկերական հարաբերությունները: Հույս եմ տածում Ձեզ հետ շարունակելու կառուցողական երկխոսությունն ու ակտիվ համատեղ աշխատանքը երկկողմ արգասաբեր համագործակցության զարգացման, ինչպես նաև ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում ու այլ միջազգային կառույցներում գործընկերային փոխգործակցության ուղղությամբ»:

Չինաստանի նախագահը իր ուղերձում գրել է․ - «Վերջին տարիներին հայ-չինական համագործակցությանն ուղղված բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Երկու երկրների միջև անընդմեջ խորանում է քաղաքական փոխվստահությունը և կայուն զարգանում է առևտրատնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցությունը, ինչը, ի վերջո, տալիս է որոշակի արդյունքներ՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Մեծ ուշադրություն հատկացնելով հայ-չինական հարաբերությունների զարգացմանը՝ ես պատրաստ եմ Ձեզ հետ պահպանել աշխատանքային կապերը և անձնական բարեկամությունը հանուն երկկողմ հարաբերությունների անընդհատ առաջընթացի ՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի ուղերձում ասված է․ - «Կանգնած լինելով հայկական երկու հանրապետությունների և հայոց հերոսական բանակի կազմավորման ակունքներում` Դուք արել և անում եք հնարավորը նրանց շարունակական զարգացման ու զորացման, համազգային խնդիրների լուծման, հայ ժողովրդի շահերի պաշտպանության, նրա միասնականության ամրապնդման, միջազգային ասպարեզում Հայաստանի դերի բարձրացման ուղղությամբ: Վստահ եմ` Ձեր ջանքերը գնալով կկրկնապատկվեն և կբերեն նոր հաղթանակների` ի փառս Հայոց աշխարհի և նրա ժողովրդի»:

Հայաստանի նախագահին ուղղված շնորհավորանքները շարունակվում են, ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը այսօր դարձավ 62 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG