Մատչելիության հղումներ

Սպանության գործով փետրվարից հետախուզվողին հայտնաբերել են սահմանային անցակետում


Վահագնի գյուղի բնակիչ Ն. Քոչինյանի սպանության առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Ա. Կախյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորյալ սպանության համար։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ Քոչինյանի դին հայտնաբերվել է այս տարվա փետրվարի 22-ին ժամը 2-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհից շուրջ 300 մետր հեռավորության վրա, գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, սպանության շարժառիթը։ Նախնական քննության տվյալներով՝ Ռուսաստանում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա Ն․ Քոչինյանի հետ փետրվարի 22-ին ժամը 1-ի սահմաններում վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ Ա․ Կախյանը, որն ապօրինի ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակով կրակել է Քոչինյանի գլխին։ Ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է։

Փետրվարի 22-ին քննիչը որոշում էր կայացրել Կախյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Հունիսի 26-ին ժամը 00:19 Կախյանը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում և բերման ենթարկվել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք) 1-ին մասերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք նաև, որ սպանությունից օրեր անց Վահագնիում հրկիզել էին Կախյանի տունը, ինչի կապակցությամբ ևս քրեական գործ կա հարուցված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG