Մատչելիության հղումներ

Փաշինյան. «ՀՀ շահերից է բխում օր առաջ ազատվել քաղբանտարկյալ ունեցող երկրի պիտակից»


Նիկոլ Փաշինյան, արխիվ
Նիկոլ Փաշինյան, արխիվ

ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին ընդդիմադիր պատգամավորները քննադատել են Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը:

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին «Նոր Հայաստան» շարժման առաջնորդներից Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ Սեֆիլյանի դեմ ավելի քան մեկ տարի առաջ հարուցված նախորդ քրեական գործը չավարտած, նոր մեղադրանքներ են առաջադրվում:

«Նախորդ շաբաթ ձերբակալվել է «Նոր Հայաստան» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, և բոլոր հիմքերը կան պնդելու, որ այստեղ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Ես դատապարտում եմ Հայաստանում շարունակվող քաղաքական հետապնդումները, որոնք իրականացվում են, այսպես ասած, քրեական հոդվածների տանիքի տակ, և կարծում եմ, որ Հայաստանի շահերից է բխում օր առաջ ազատվել քաղբանտարկյալ ունեցող երկրի պիտակից։ Ես դատապարտում եմ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը և մնացած բոլոր քաղբանտարկյալների բանտում գտնվելը»։

«Նոր Հայաստան» շարժման նախաձեռնող մյուս ուժի՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս դատապարտեց Սեֆիլյանի կալանավորումն ու «քաղբանտարկյալների» առկայությունը Հայաստանում:

«Քաղբանտարկյալների առկայությունը հատկապես այն պարագայում, երբ հայտարարվում է, որ մենք պատրաստ ենք ազատագրել մեր հայրենիքը, մենք ունենք համապատասխան և՛ զինված ուժեր, և՛ մարդիկ, ովքեր պատրաստ են մեկնել առաջին գիծ՝ ռազմաճակատ, և ազատագրել հայրենիքը։ Այս հայտարարություններից հետո մարդկանց կալանավորում են։ Փաստորեն, կալանավորում են մեր հայրենիքի ազատագրումը», - ասաց Փոստանջյանը։

Արձագանքելով ընդդիմադիր պատգամավորներին՝ իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ «քաղբանտարկյալներ Հայաստանում չկան»։

«Ես չեմ կարծում, որ միայն Ժիրայր Սեֆիլյանն է, որ Հայաստանում հայրենասեր է և ցանկանում է գնալ, պաշտպանել։ Չի կարելի գերագնահատել։ Ես շատ բարձր եմ գնահատում բոլոր այն մարդկանց ծառայությունները, ովքեր որ ծառայել են, ծառայում են և դեռ կծառայեն հայրենիքին, բայց այս հարցում, իմ տպավորությամբ, որևէ քաղաքական ենթատեքստ չկա։ Ի վերջո կլինի բաց դատավարություն, և վստահեք դատավարությանը։ Հայաստանում քաղաքական բանտարկյալների ժամանակներն անցյալում են», - ասաց Շարմազանովը։

Իշխանության մաս կազմող Դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նկատեց. - «Անձամբ մի հոգի Սասունցի Դավիթը չի, որ Թուր Կեծակիով գնա, ազատագրի։ 800-ն ազատագրեց, կարելի է հասնել մինչև Բաքու էլ, ինչո՞ւ կանգնել որ։ Այսինքն՝ սա մի քիչ այլ ոլորտից է։ Բայց ինչ վերաբերում է Սեֆիլյանի ձերբակալմանը, ես չեմ կարող որևէ գնահատական տալ, քանի նյութին ծանոթ չեմ։ Քաղաքական ինչպե՞ս կարելի է գնահատել, եթե պարզվի, որ հանցակազմ իրականում կա, բայց ես ոչ կարող եմ ասել կա, ոչ էլ կարող եմ ասել ՝չկա, ես չեմ տիրապետում նյութերին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG