Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսին երեկ հայտարարել է, որ այլևս երբեք չի խաղալու Արգենտինայի հավաքականի կազմում:
Հայտարարությունը հաջորդել է Նյու Յորքում Ամերիկայի գավաթի եզրափակիչում Չիլիի հավաքականի հետ Արգենտինայի հանդիպմանը, որում հետխաղյա 11-մետրանոցներով արգենտինացիները պարտվել են 2:4 հաշվով, ընդ որում՝ հարվածներից մեկը անհաջող է իրացրել Մեսին:
«Ազգային հավաքականը ավարտվեց ինձ համար: Եղել է չորս եզրափակիչ, դա ինձ համար չէ: Ես ջանացել եմ: Դա այն էր, ինչ ես ամենաշատն եմ ցանկացել, սակայն չեմ կարողացել ստանալ, հետևաբար, կարծում եմ, սա վերջն է», - ասել է 29-ամյա Մեսին:
Լրատվական գործակալությունները նշում են, որ 1993 թվականից ի վեր Արգենտինայի հավաքականը չի հաղթել որևէ խոշոր մրցաշարում: «Բարսելոնա» ակումբի կազմում, մինչդեռ, Մեսին չորս անգամ հաղթել է Եվրոպայի Չեմպիոնների լիգայում: