Մատչելիության հղումներ

Երկու ուշագրավ մշակութային իրադարձություն՝ նույն օրը


Օպերայի շենքը Երևանում
Օպերայի շենքը Երևանում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում վաղը՝ հունիսի 28-ին պարարվեստի երկրպագուները կարող են ներկա գտնվել մի շատ ուշագրավ պլաստիկ ներկայացման, որը կոչվում «Հավերժություն» և հանդիսատեսին ուղեկցում է ողջ մարդկության պատմության միջով՝ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը:

Ներկայացումը համատեղ իրականացրել են Մարսելի բարեգործական միությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Նոր Նորքի Հայորդաց տունը:

Նույն օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն էլ դասական կիթառի սիրահարները կարող են ներկա գտնվել Կիթառի երևանյան միջազգային երկրորդ փառատոնի բացմանը, փառատոն, որի ընթացքում կիթառի երաժշտության սիրահարները ոչ միայն կարող են ունկնդրել հայաստանցի, նաև արտասահմանից ժամանած 7 անվանի կիթառահարների, այլև մասնակցել արտասահմանցի կիթառահարների վարպետության դասերին:

Այս փառատոնի նախագահ, Երևանի կիթառահարների միության նախագահ, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանի խոսքով՝ հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը երաժշտասերները փառատոնի շրջանակում տեղի ունենալիք երեք համերգների ընթացքում կկարողանան ունկնդրել դասական կիթառի տարբեր ժամանակաշրջանների հրաշալի երաժշտություն՝ ռենեսանս, բարոկո, դասական, ռոմանտիկ և, իհարկե, նաև ժամանակակից ստեղծագործություններ:

Ի դեպ, այս համերգների ընթացքում առաջին անգամ կհնչեն թե՛ հայ, թե՛ արտասահմանցի կոմպոզիտորների բոլորովին նոր ստեղծագործություններ: Համերգի բացմանը՝ հունիսի 28-ին ելույթ կունենա գերմանացի անվանի կիթառահար Հյուբերտ Քեփլը: Այդ և մյուս օրերին հանդես կգան նաև Դավիդ Դյակովը և Դմիտրի Մուրինը, այլ անվանի կիթառահարներ:

Ինչպես շեշտում է փառատոնի նախագահ Ժորա Սարգսյանը՝ «ընդհանուր նպատակը մեկն է փառատոնի՝ բուն նպատակը, դա՝ զարգացնել ուղղակի Հայաստանում դասական կիթառի դպրոցը և ծանոթացնել, կապ ստեղծել միջազգային դպրոցի հետ»:

«Իհարկե, անցած տարվա արտիստները շատ լավն էին, բայց այս տարի, օրինակ, միայն Հյուբերտ Քեփլի այցը մեր տարածաշրջան ու կոնկրետ Երևան, Հայաստան՝ դա արդեն մեծ ձեռքբերում է», - ասում է Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG