Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի՝ շաբաթ երեկոյան կայացած առաջին երեք հանդիպումների արդյունքներով, քառորդ եզրափակիչ դուրս եկան Լեհաստանի, Ուելսի և Պորտուգալիայի հավաքականները։
Լեհաստանի և Շվեյցարիայի հավաքականների հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, լրացուցիչ 30 րոպեում գոլեր չգրանցվեցին, ի վերջո, լեհերը առավելության հասան հետխաղյա 11-մետրանոցներով՝ 5:4 հաշվով:
Ուելսի հավաքականը 1։0 հաշվով առավելության հասավ Հյուսիսային Իռլանդիայի թիմի նկատմամբ։
Պորտուգալիայի և Խորվաթիայի հավաքականների հանդիպման հիմնական ժամանակ ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0, և պորտուգալացիներին հաջողվեց միակ գնդակը ուղարկել խորվաթների դարպասը միայն լրացուցիչ ժամանակի 27-րդ րոպեին։
Հունիսի 30-ին քառորդ եզրափակիչում կհանդիպեն Լեհաստանի և Պորտուգալիայի հավաքականները, մյուս երեք զույգերը կորոշվեն առաջիկա երկու օրերին կայանալիք 1/8 եզրափակիչի հինգ խաղերի արդյունքներով. կիրակի օրը կկայանան Ֆրանսիա - Իռլանդիա, Գերմանիա - Սլովակիա և Հունգարիա - Բելգիա, երկուշաբթի՝ Իտալիա - Իսպանիա և Անգլիա - Իսլանդիա հանդիպումները։