Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու անդամը «Բարև Երևան» խմբակցությունը լքելու որոշում է կայացրել 


Երևանի ավագանու անդամ Արթուր Գասպարյանը:
Երևանի ավագանու անդամ Արթուր Գասպարյանը:

«Բարև Երևան» խմբակցությունից դուրս եկած Արթուր Գասպարյանը, իր խոսքով, ավագանու կազմում շարունակելու է ընդդիմադիր գործունեությունը։

«Շուրջ մեկ տարի է, կա այդպիսի մտադրություն: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ունեմ համոզմունք, որ գործարարությունը և քաղաքականությունը պետք է իրարից տարանջատված լինեն», - ավագանու նիստում, հիմնավորելով իր որոշումը, ասաց Գասպարյանը:

«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասաց, որ ընդամենը երկու օր առաջ են իմացել գործընկերոջ որոշման մասին, երբ խմբակցության նոր ղեկավարի ընտրելու նպատակով նիստ էին գումարում․ - «Արթուրը ասեց, որ ինքը դեմ է քվեարկելու, բայց չմասնակցեց քվեարկությանը ու այդ ընթացքում ինչ-որ բան էր գրում: Եվ մեկ էլ դիմումը բերեց դրեց սեղանին ու գնաց»:

Արթուր Գասպարյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, որ հեռացել է խմբակցությունից, քանի որ դրա ղեկավար կրկին Գագիկ Բաղդասարյանն է ընտրվել։

Բաղդասարյանը բիզնես ունի, իսկ Գասպարյանի համոզմամբ` խմբակցության ղեկավարումն ու ձեռնարկատիրական գործունեությունը համատեղելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում․ - «Խմբակցության ղեկավարի փոփոխությունը մեկ տարի առաջ ինձ բերեց այն եզրահանգման, որ այդ ռիսկերը ակնհայտ են: Եվ ես համոզված եմ, որ մենք՝ որպես ընդդիմադիր խմբակցություն, պետք է չնմանվենք այսօր գործող իշխող վարչախմբին»:

«Օրենքը չի արգելում ավագանու անդամին զբաղվել ձեռնարկատիրությամբ: Ավագանու այսօրվա անդամների, իմ կարծիքով, իննսուն տոկոսը զբաղվում է ինչ-որ գործունեությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գագիկ Բաղդասարյանը՝ չժխտելով, որ բիզնես ունի: Միայն թե այդ բիզնեսի մասին խմբակցությունը լքած Գասպարյանը, Բաղդասարյանի խոսքով, դեռ 2013-ին գիտեր, երբ ինքը «Բարև Երևան»-ի նախընտրական շտաբի պետն էր ու ֆինանսավորում էր նախընտրական քարոզարշավը։

«Բենզալցակայան է դա, որը զբաղվում է վառելիքի առք ու վաճառքով, գաղտնի ոչինչ չկա», - հավելեց Գագիկ Բաղդասարյանը:

Մայրաքաղաքի ավագանու հաջորդ՝ աշնանային նստաշրջանին «Բարև Երևան»-ն արդեն 5 հոգանոց թիմով կաշխատի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG