Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը այսօր հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Թագավորությունում անցկացված հանրաքվեի վերաբերյալ, որում ընդգծում է՝ «այս հանրաքվեի ժողովրդավարական որոշումը պետք է հարգվի»:
«Լավագույն ճանապարհն այժմ այն է, որ Եվրամիությունը, իր լավագույն ավանդույթներին համապատասխան, աշխատի Միացյալ Թագավորության կառավարության հետ՝ ստանալու Միացյալ Թագավորության քաղաքացիների և Եվրամիության համար առավել ընդունելի արդյունքը», - ասված է հայտարարությունում, որը տարածել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի խոսնակը:
«Բոլորն այժմ պետք է կենտրոնանան եվրոպական ազգերի մեր ընտանիքը միավորող ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա», - շեշտում է Յագլանդը:
Երեկ անցկացված հանրաքվեի արդյունքներով, հիշեցնենք, բրիտանացիների մեծամասնությունը արտահայտվել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին: