Մատչելիության հղումներ

Իսլանդիան՝ Եվրո-2016-ի հայտնություն


Եվրո-2016․ Իսլանդիան երկրորդ գնդակն է ուղարկում Ավստրիայի հավաքականի դարպասը, Սեն Դենի, 22-ը հունիսի, 2016թ․
Եվրո-2016․ Իսլանդիան երկրորդ գնդակն է ուղարկում Ավստրիայի հավաքականի դարպասը, Սեն Դենի, 22-ը հունիսի, 2016թ․

Անկախ առաջնության վերջնական արդյունքներից՝ «սառցե կղզու» հավաքականն արդեն հայտնվել է եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ, փաստում են մեկնաբանները:

Ֆրանսիայի մարզադաշտերում այսօր հարաբերական անդորր է՝ շուրջ երկու շաբաթ շարունակված ֆուտբոլային խաղերից հետո: Եվրո 2016-ի խմբայինը հաղթահարած 16 հավաքականները պատրաստվում են հաջորդ փուլին: Մեկնաբանները, ձեռնպահ մնալով հստակ ֆավորիտների առանձնացնել, փաստում են՝ թիմերից մեկն արդեն հայտնվել է եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ՝ անկախ վերջնական արդյունքներից:

Խոսքը Իսլանդիայի մասին է, որը մինչ օրս Եվրոպայի մրցաշարի այս փուլին հասած ամենափոքր բնակչությամբ երկիրն է: Կես միլիոնից էլ քիչ՝ ընդամենը 330 հազար բնակիչ ունեցող փոքրիկ պետությունը առանձնանում է նաև երկպագուների թվով. «սառցե կղզուց» Ֆրանսիա է ժամանել 30 հազար երկրպագու, այլ կերպ ասած՝ ողջ երկրի բնակչության տասը տոկոսը: Ու թերևս պատահական չէ, որ Ավստրիայի հետ խաղից հետո իսլանդացի պաշտպան Կարի Արնասոնը հայտարարել էր՝ «ոնց որ թե ճանաչում էի, կամ գոնե ծանոթ էի տրիբունաներում նստածների կեսին»:

Ավելի քան հիսուն տարի այս օրվան սպասող իսլանդացիները առանձնանում են նաև երկրպագելու իրենց առանձնահատուկ ոճով․ ամեն անգամ, երբ հակառակորդը մոտենում է վտանգավոր եզրագծի, մարզադաշտով մեկ տարածվում են վիկինգների հնամյա երգ հիշեցնող վանկարկումները: Հենց դրանք սարսափահար արեցին Ռոնալդուին՝ հեգնել էին մեկնաբանները Պորտուգալիայի հետ ոչ-ոքիից հետո:

Փոքրիկ պետության հաջողությունն ընդգծելու համար լրատվամիջոցները այլ թվեր էլ են բերում. ֆրանսիական հեղինակավոր L'Equipe ամսագիրը պնդում է՝ Իսլանդիայում ընդամենը հարյուր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ կա, որոնցից 23-ը հիմա Ֆրանսիայում են: «Եվ, ըստ էության, այնքան էլ կարևոր չէ, թե հավաքականը ինչ արդյունքների կհասնի և որքան հեռուն կգնա, քանի որ փաստ է՝ այն արդեն հաղթել է՝ հրճվանքի պահեր պարգևելով մի ողջ ժողովրդի», - գրել է France Football-ը:

Այս մրցաշարի հերոսներից մեկն էլ, ի դեպ, հավակնում է դառնալ իսլանդացի մեկնաբան Գուդմունդուր Բենեդիկսոնը, որը Ավստրիայի հետ հանդիպման ժամանակ, երբ սեփական հավաքականը 94-րդ րոպեին խփեց հաղթական գոլը, շուրջ երկու րոպե հրճվանքից գոռում էր ուղիղ եթերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG