Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյան․ Սա հատուկ կազմակերպված քաղաքական պրովոկացիա է


Գևորգ Սաֆարյանը դատարանում, արխիվ
Գևորգ Սաֆարյանը դատարանում, արխիվ

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Գևորգ Սաֆարյանն ու նրա պաշտպանն այսօր դատարան եկած երկու իրավապահների վկայություններում նախաքննական մարմնին տված նրանց իսկ ցուցմունքներին հակասող ավելի քան 15 փաստ արձանագրեցին։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը կրկին պնդեց՝ իրարամերժ հայտարարությունները ապացուցում են, որ քրեական գործը հորինված է։

Վկայություն տվող երկու ոստիկաններն այսօր դատարանին միայն վստահեցնում էին, որ հստակ տեսել են, թե ինչպես է Ամանորի գիշերը «Ազատության» հրապարակում ծագած քաշքշուկի ընթացքում «Նոր Հայաստան» շարժման անդամը բռունցքով հարվածում իրենց վերադասին՝ մայոր Գեղամ Խաչատրյանին։ Ի հայտ եկած հակասությունների վերաբերյալ հարցերին էլ հիմնականում պատասխանում էին՝ «լավ չենք հիշում»։

Վկաների հարցաքննությունից հետո Սաֆարյանը հայտարարեց, որ Ամանորի գիշերը տեղի ունեցած միջադեպը ոստիկանության սադրանքն էր, որի նպատակը ծեծկռտուք հրահրելն ու ընդդիմադիր ակտիվիստներին կալանավորելն էր․ - «Ոստիկանները, տեսնելով, որ իրենց կազմակերպած սադրանքը չիրականացավ և Գևորգ Սաֆարյանը չհարվածեց Գեղամ Խաչատրյանին, իրենք են մի մութ անկյունում հարվածել Գեղամ Խաչատրյանին, որպեսզի հետք թողնեն Գեղամ Խաչատրյանի ճակատին․․․ Սա ևս մի անգամ ապացուցում է, որ սա հատուկ կազմակերպված քաղաքական պրովոկացիա է»:

Որպես սադրանքի շարունակություն, Գևորգ Սաֆարյանը մատնանշեց նաև Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման փաստը։

Չնայած նիստը նախագահող դատավորի նախազգուշացումներին՝ ընդդիմադիր ակտիվիստը հայտարարեց, թե իշխանությունները քաղաքական հետապնդում են իրականացնում «Նոր Հայաստան»-ի անդամների նկատմամբ։

Մոտ կես տարի անազատության մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանի մեղադրանքի հիմքում բացառապես Գեղամ Խաչատրյանի ու նրա ենթակա ոստիկանների ցուցմունքներն են, որոնց վկայությունները դատարանը կլսի երեքշաբթի օրը կայանալիք նիստում։ Վկաների հարցաքննությունից հետո պաշտպանական կողմը մտադիր է ցուցմունքներն անարժանահավատ համարելու միջնորդություն ներկայացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG