Մատչելիության հղումներ

Աջակիցների պնդմամբ, Սեֆիլյանին ձերբակալել են տարածքների զիջման դեմ հանդես գալու համար


Ժիրայր Սեֆիլյանի բնակարանի աստիճանավանդակում, 20-ը հունիսի, 2016 թ․
Ժիրայր Սեֆիլյանի բնակարանի աստիճանավանդակում, 20-ը հունիսի, 2016 թ․

Ազատամարտիկի տիկնոջ խոսքով, Ժիրայր Սեֆիլյանը, անկախ ամեն ինչից, շարունակելու է պայքարը:

Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելը կազմակերպելու կասկածանքով այսօր ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի տանը և գրասենյակում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել, «Ազատության» հետ զրույցում պնդեցին Սեֆիլյանի՝ խուզարկություններին մասնակցած աջակիցները:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանի փոխանցմամբ՝ իրենց գրասենյակում խուզարկությունը սկսելուց րոպեներ անց Սեֆիլյանը ձերբակալվել է: «Այնուհետև խուզարկեցին գրասենյակը, վերցրեցին 2 ստացիոնար համակարգիչ, 3 նոթբուք»,- տեղեկացրեց Ավետիսյանը:

«Նոր Հայաստան»-ի աջակից Սեդրակ Նազարյանն էլ պատմեց, որ թեև քննիչները զենք ու զինամթերք էին փնտրում, այդուհանդերձ, շուրջ երկու ժամ տևած խուզարկության արդյունքում գտել են միայն մի քանի հին արխիվային նամակներ և քարտեզներ: «Գրանատամյոտ էին ման գալիս, քննիչը ծիծաղելով ասեց՝ չգտան գրանատները, էդպես․․․»:

Շուրջ չորս ժամ էլ խուզարկություն է կատարվել Սեֆիլյանի բնակարանում: Վերջինիս կինը՝ Նանոր Սեֆիլյանն ասաց, որ դիմակավոր անձինք ներս են մտել՝ սպառնալով դուռը չբացելու դեպքում կոտրել այն: «Ես որ լսեցի էդ սպառնալիքը, ասեցի՝ բացեք դուռը: Մենք ոչ մի բան չունենք թաքցնելու, ոչ էլ վախենալու: Իհարկե, տանը ոչ մի բան չկար: Ստուգեցին Ժիրայրի վեշերը, նամակները, թղթերը․․․ մի հատ հեռախոս կար, Բերձորում որ ջարդվել էր, էն տարան: Մի հատ էլ ուրիշ փոքր հին հեռախոս կար, էն տարան, մեկ էլ մի նամակ կար Ժիրայրի ընկերներից, որ վաղուց էր ստացել, դա տարան, որովհետև չկարողացան կարդալ, շատ մանր էր գրված»,- պատմեց Նանոր Սեֆիլյանը: Նա ասաց նաև, որ խուզարկության ընթացքում դիմել է իրավաբանի օգնությանը, սակայն, փաստաբան Տիգրան Հայրապետյանին թույլ չեն տվել մասնակցել խուզարկությանը: Վերջինս դա «ապօրինություն» որակեց:

Քննչական կոմիտեն այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ մեկ ամիս առաջ տեղի ունեցած ավտովթարի մասնակից մեքենաներից մեկում հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում էլ պարզվել է՝ «Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել է զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը»:

«Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում»,- նաև նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: Ըստ դրա, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար ութ անձի մեղադրանք է առաջադրվել: Նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: «Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են ինչպես գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցնելով, այնպես էլ՝ խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով»,- տեղեկացնում է Քննչական կոմիտեն՝ չհստակեցնելով, սակայն, գործով մյուս ձերբակալվածների անունները:

Սեֆիլյանի կողմնակիցներն այսօր պնդում էին, որ նա որևէ կապ չունի իրեն վերագրվող մեղադրանքների հետ: Ըստ «Նոր Հայաստան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի՝ Սեֆիլյանը ձերբակալվել է Ղարաբաղին հարակից տարածքները չզիջելու կոչերով հանդես գալու համար:

Ժիրայր Սեֆիլյանը, ով ձերբակալվել ու ավելի ուշ ազատ էր արձակվել նաև անցյալ տարի ապրիլի 24-ին նախորդած շրջանում, շարունակելու է իր պայքարը, վստահեցրեց ձերբակալված ազատամարտիկի կինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG