Մատչելիության հղումներ

«Թեև Երևանն ինձ զրկել է շրջելու հնարավորությունից, ես սիրում եմ իմ քաղաքը»


Հաշմանդամություն ունեցող Արևիկից մեծ ճիգեր են պահանջվում երևանյան գետնանցումները «հաղթահարելու» համար:
Հաշմանդամություն ունեցող Արևիկից մեծ ճիգեր են պահանջվում երևանյան գետնանցումները «հաղթահարելու» համար:

Չնայած քաղաքապետարանից պնդում են, որ քաղաքը հաշմանդամություն ունեցողների պահանջներին հարմարեցնելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ են կատարվել, Երևանը, գործնականում, շարունակում է նրանց համար անմատչելի մնալ:

Հաշմանդամություն ունեցող 26-ամյա Արևիկին, նույնիսկ երբ ուղեկցորդի հետ է, ժամեր են հարկավոր՝ տնից աշխատավայր հասնելու համար: Ասում է՝ արկածները սկսվում են բնակարանից դուրս գալուց հետո: «Ինչքանով էլ ինձ Երևանը չի սիրում, զուտ անհարմարությունների առումով եմ ասում, ես շատ եմ սիրում իմ քաղաքը ու շատ եմ սիրում պտտվել քաղաքով: Բայց Երևանը ինձ զրկել ա միայնակ պտտվելու հնարավորությունից»,- «Ազատության» հետ զրույցում ասում է Արևիկը:

Տրանսպորտից օգտվելը խնդիր է, թեքահարթակով անցնելը` շատ դեպքերում վտանգավոր: Սրճարան, բանկ կամ որևէ այլ հաստատություն մուտք գործելու համար էլ երբեմն «գերմարդկային ջիգեր են պահանջվում», նշում է աղջիկն ու շարունակում՝ «Եթե ես միայնակ լինեի, այդ բորդյուրը հաղթահարելն անհնար կլիներ: Ի՞նչ անի հաշմանդամություն ունեցող էն անձը, ով կողքին չունի որևէ մեկին, որ ամեն օր կկարողանար հետը լինել․․․ պարզ ա, որ ինքն ավտոմատ կփակվի տանը, կկոմպլեքսավորվի քաղաքի խնդիրներից և ցանկություն չի ունենա շփվել որևէ մեկի հետ: Պարզ օրինակ՝ ես ո՞նց եմ բարձրանալու, որ այս ցայտաղբյուրից ջուր խմեմ»:

«Ազատության» շրջայցը Երևանի փոքր կենտրոնի ընդամենը մի քանի փողոցներով տևեց երկու ժամից ավելի, քանի որ յուրաքանչյուր գետնանցումի հասնելիս Արևիկը հարկադրված էր լինում փողոցն անցնելու համար այլընտրանքային տարբերակներ գտնել: Բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելուց հետո նրան ի վերջո հաջողվեց հասնել իր սիրելի Աբովյան փողոցը: «Էս փողոցը մյուսների համեմատ շատ եմ սիրում, որովհետև միայն էստեղ կարելի է հանդիպել հին Երևանից որևէ մասնիկի: Բայց, գալիս եմ Աբովյան փողոց ու ․․․ հերիք չի մայթը թեքահարթակ չունի, նաև ունի աստիճան: Եթե ես մենակ եմ, պետք է էստեղ կանգնեմ էնքան, մինչև որևէ բարի ձյաձյա մոտենա ու որոշի, որ ինձ պետք ա օգնի»,- շարունակում է Արևիկը:

Երևանի քաղաքապետարանից պնդում են, որ մայրաքաղաքը հաշմանդություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցնելու ուղղությամբ վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են կատարվել, բոլոր թեքահարթակները կառուցվել են տեղաշարժման խնդիրներ ունեցողների հետ խորհրդակցելուց հետո: Սակայն, հենց Արևիկի հետ շրջայցի ընթացքում պարզեցինք, որ այդ թեքահարթակներից առնվազն մեկը բավական վտանգավոր է:

Կառավարությունը 2016 թվականը հռչակել է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների տարի: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ այդ ուղղությամբ ի՞նչ է արվել վերջին կես տարվա ընթացքում, Քաղաքաշինության նախարարությունից ներկայացրեցին մի շարք մշակութային հաստատությունների ցանկ, որոնց շենքերը հարմարեցվել կամ հարմարեցվում են հաշմանդամություն ունեցողների պահանջներին: Քաղաքապետարանից էլ փոխանցեցին, որ փորձում են հարմարեցնել նաև հին շենքերը, իսկ նոր կառուցվողների սեփանակատերերի առջև էլ այդ առումով հստակ պահանջներ են դնում: Որպես ձեռքբերում, նշեցին մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից նորակառույց գետնանցումի հատուկ վերելակը: Սակայն, նշված վայրում Արևիկը չգտավ որևէ կառավարման վահանակ՝ վերելակը կանչելու համար: Նրա ուղեկցորդի՝ վերելակը ներքևից վերև հասցնելու ջանքերը ևս անհաջողության մատնվեցին:

40 րոպե հետո միայն, երբ նշված վայրի համար պատասխանատու անձինք տեղեկացան, որ տարածքում լրագրող կա, իրենց տնօրենի ուղեկցությամբ մասնագետներ եկան ու գործի գցեցին վերելակը: Հաջորդ խոչընդոտին Արևիկը բախվեց Հյուսիսային պողոտայում ընդամենը մեկ ամիս առաջ բացված «Տաշիր Սթրիթ» ժամանցի կենտրոնում: Այստեղ վերելակը գործում էր, սակայն, սայլակը վերելակի մեջ չէր տեղավորվում: Արևիկն այսօր փորձեց նաև մուտք գործել քաղաքի կենտրոնում գործող սրճարաններից մեկը: Թեքահարթակ կար, բայց նրան այնտեղ ևս փորձություն էր սպասում՝ «Տեսեք, թե ուր է տանում, ուղիղ դիմացը նստած մարդկանց վրա, չհաշված, որ բացարձակ հարմար չի, մի հատ էլ պետք է իմ դիմաց սեղան-աթոռ հավաքեն, որ ես կարողանամ․․․»:

Չնայած տեղաշարժման համար Երևանում առկա բազմաթիվ խոչընդոտներին, Արևիկը ժպիտը դեմքին վստահեցնում է՝ «Պայքարող տեսակ եմ, կպտտվեմ քաղաքով այնքան ժամանակ, մինչև սիրելի Երևանս ընդունի ինձ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG