Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն օրինագծերի փաթեթն արդեն աշնանը կներկայացվի ԱԺ


Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, արխիվ

Խորհրդի անդամները հույս ունեն, որ մշակվող փաթեթով էապես կհամալրվի կոռուպացիայի դեմ պայքարի գործիքակազմը:

«Ապօրինի հարստացումը քրեականացնելը մի շարք զարգացած երկրներում կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու երաշխիքներից մեկն է»: Այս մասին երեկ վարչապետի գլխավորած՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստում հայտարարել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը՝ հղում անելով միջազգային փորձին ու սեփական ուսումնասիրությունների արդյունքներին:

Զադոյանը 7 տարի շարունակ այս մասին բարձրաձայնել է, բայց, ըստ նրա, իր մտահոգություններին միայն հիմա են արձագանքում: Երեկվա նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել երկամսյա ժամկետում օրենսդրական փաթեթ մշակել՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար: «Ակնկալո՞ւմ եք, որ ձեր առաջարկները տեղ կգտնեն փաթեթում», - «Ազատության» այս հարցին ի պատասխան, Զադոյանը նշեց՝ «Կարծում եմ, որ ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց Հայաստանում կոռուպցիայի վտանգավոր հետևանքները, ու նաև իշխանությունները զգացին դրա լրջությունը: Դա ժամանակի հրամայականն է [կոուպցիայի դեմ պայքարը], հասարակության պահանջն է, կապրենք, կտեսնենք»:

Զադոյանն ընդգծեց՝ ապօրինի հարստացումը քրեականացնելը կոռուպցիայի դեմ պայքարի շղթայի կարևոր օղակներից մեկն է: Նաև հավելեց՝ անհրաժեշտ է, որ արդյունավետ գործեն կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման մյուս օղակները ևս: «Մարդիկ ինչպե՞ս են ապօրինի հարստանում՝ կոռուպցիոն հանցագործությունների միջոցով. կաշառք են վերցնում, պաշտոնական դիրք են չարաշահում․․․ եթե իրավապահ մարմիններն արդյունավետ գործեն, բնականաբար, էդ հանցակազմի ներմուծման անհրաժեշտությունը չէր լինի»,- շարունակեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը:

Եթե առաջարկների փաթեթն օրենքի վերածվի, այն հետադարձ ուժ չի ունենալու: Հարց է ծագում՝ ուրեմն ինչպե՞ս վարվել ապօրինի հարստացման նախկինում եղած դեպքերի հետ: «Օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ, հետապնդումներ չեն կարող լինել, դա արվում է այն բանի համար, որ այդ պահից սկսած արդեն այդ բաժանարար գիծը գծվի ու ամեն ինչ արդեն կատարվի օրինական դաշտում»,- հարցին ի պատասխան, նշեց Զադոյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երեկվա նիստին զեկուցումով է հանդես եկել նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը: Նա ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտում առկա բացթողումները: «Ազատության» հետ զրույցում նույն հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը թվարկեց այդ բացթողումներից մի քանիսը: Մասնավորապես, ըստ նրա, պետք է վերանայվի հայտարարագիր ներկայացնողների և փոխկապակցված անձանց շրջանակը, ինչպես նաև հայտարարագրի բովանդակությունը:

«Այսինքն, էսօր հայտարարագիր է ներկայացնում ամուսինը, համատեղ ապրող ծնողը, համատեղ ապրող զավակը, չափահաս չամուսնացած զավակը: Առաջարկվելու է այլ մոդել, որովհետև սա կիսատ պռատ է: Հայեցողությունը մեծ է՝ ի՞նչ է նշանակում համատեղ ապրող, ինչպե՞ս որոշենք համատեղ ապրելը․․․ ի՞նչ է նշանակում չափահաս, չամուսնացած: Արդյո՞ք չամուսնացած լինելը հանգամանք է, որ ինքը հայտարարագիր ներկայացնի: Իսկ ամուսնացա՞ծը: Պետք է ճիշտ շրջանակ ընտրվի, որը պետք է շրջափակի ցիկլը՝ ապօրինի հարստացումը բացահայտելու համար»,- ասաց Խուդավերդյանը:

Հայտարարագրման հետ կապված հաջորդ խնդիրը պարտավորությունների և, ըստ հանձնաժողովի անդամի, ավելորդ սահմանափակող շեմերի հետ է կապված: Օրինակ՝ փոխկապակցված մարդիկ հայտարարագրում են անշարժ գույքը 50 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, ինչը շատ բարձր է, ու անհրաժեշտ է վերանայել այդ շեմը: Հայտարարագրերի համակարգում ռիսկերը կամ անհամապատասխանությունները հասկանալու համար, ըստ Խուդավերդյանի, անհրաժեշտ է ունենալ անձի եկամուտների և ծախսերի մասին լիարժեք տվյալներ:

Այս բոլոր բացթողումները վերացնելու համար վարչապետը երեկ առաջարկել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմի քննարկմանը ներկայացնել հայտարարագրման նոր մեխանիզմներ:

Մոտ 10 օր առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նշել էր, որ հայտարարագրման ինստիտուտը պետք է փոխվի, այն պետք է համալրվի նոր գործիքակազմով, ինչը «հանցագործությունները բացահայտելու հնարավորություն կտա»: Ամենայն հավանականությամբ արդեն աշնանային նստաշրջանին խորհրդարանին կներկայացվի կառավարության մշակած օրինագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG