Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը Թուրքիային կոչ է արել կանխել ահաբեկիչների կողմից իր տարածքի օգտագործումը


ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյան, արխիվ
ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյան, արխիվ

Երեկ ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի 1105-րդ նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել հայտարարությամբ Սիրիայի Հալեպ քաղաքի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումների վերաբերյալ:

Նա մտահոգություն է հայտնել «Ալ-Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման կողմից Հալեպի նկատմամբ վերջին հարձակումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում:

Հայկական կողմը խստիվ դատապարտել է Հալեպի քրիստոնեաբնակ թաղամասերի կանխամտածված ու հետևողական հրթիռակոծումը, որի հետևանքով միայն հայաբնակ թաղամասերում զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ և լուրջ վնաս է հասցվել Սուրբ Երրորդության «Զվարթնոց» հայկական կաթոլիկ եկեղեցուն, հայկական ծերանոցին և պատմամշակութային ու գիտակրթական նշանակության այլ շենքերի:

Դեսպանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի առաքելությունը հետևողականորեն բարձրաձայնել է Սիրիայում և Իրաքում գործող օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների, մասնավորապես, «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրա ճակատ», ինչպես նաև «Ալ-Ղաիդա»-ի հետ առնչություն ունեցող ահաբեկչական այլ խմբավորումների խնդիրը: Ընդգծվել է, որ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունները, այդ թվում՝ հայկական համայնքը, այդ խմբավորումների առաջնային թիրախն են:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Կիրակոսյանը նշել է, որ վերոհիշյալ ահաբեկչական կազմավորումների գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում ԵԱՀԿ-ի տարածաշրջանի անվտանգության համար: Բռնի ծայրահեղականությունը, արմատականացումն ու ահաբեկչությունը թիրախ են դարձնում էթնիկ ու կրոնական փոքրամասնություններին, սպառնում նրանց գոյությանը Մերձավոր Արևելքում ու առավել սրում ԵԱՀԿ-ի տարածքում առկա միգրացիոն ճգնաժամը: Հայոց ցեղասպանությունը վերապրածներն են ձևավորել Հալեպի հայկական համայնքը, և 101 տարի անց այդ համայնքը պայքարում է իր գոյության համար ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող անդրսահմանային աջակցության պայմաններում:

Հայաստանի դեսպանը հղում է կատարել ԵԱՀԿ-ի Բազելի ու Բելգրադի նախարարական հռչակագրերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2170, 2178, 2199 և 2249 բանաձևերին՝ կոչ անելով բոլոր մասնակից պետություններին առանց որևէ նախապայմանների իրականացնել վերոհիշյալ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները ահաբեկչության դեմ պայքարում: Արման Կիրակոսյանը, մասնավորապես, կոչ է արել Թուրքիային կանխել ահաբեկչական խմբերի կողմից քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ Սիրիայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ անդրսահմանային հարձակումներ իրականացնելու նպատակով իր տարածքի օգտագործումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG