Մատչելիության հղումներ

Համայնքների խոշորացում նախատեսող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ


Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերացմամբ ընդունեց թեժ վիճաբանությունների առիթ տված «Վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի փաթեթը։

Մինչև քվեարկությունը պատգամավորներից մի քանիսը խնդրեցին հետաձգել 118 քաղաք ու գյուղ խոշորացնելուն վերաբերող փաթեթի քվեարկությունը՝ պատճառաբանելով, թե այս փուլում միավորումն արդարացված չէ։

Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը վրդովված հայտարարեց․ - «Նման օրենք հայտնվում է պատմությունը չիմանալուց, Հայաստանի սոցիալական և տնտեսական կյանքի պատմությանը չտիրապետելուց: Կա «Հայֆիլմ»-ի մի լավ գեղարվեստական ֆիլմ, թե ինչպես են գյուղերը դատարկվում․․․ Գյուղ դատարկել չի կարելի: Մենք Եվրոպա չենք, որ ինդուստրիալիզացնենք գյուղը: Նույնիսկ եթե գյուղում կա 10 մարդ, դպրոցը պիտի լինի, պիտի աշխատենք: Էրդողանը 23 մլրդ դոլար փող ա տալիս գյուղերին դոտացիայի տեսքով, սահմանել է գյուղական ուսուցիչների աշխատավարձը իրա աշխատավարձի չափ․ մարդիկ հասկանում են, որ դա ստրատեգիական կարևոր կետ է»:

Պատգամավորի խոսքին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը (ՀՀԿ) արձագանքեց, դա դուր չեկավ Բագրատյանին ու ծագեց թեժ վիճաբանություն, որը դեռ շարունակվում էր, իսկ պատգամավորներից մի քանիսը ոտքի վրա էին, երբ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկություն հայտարարեց։

Նախագիծն ընդունվեց ձայների 58 կողմ, 23 դեմ հարաբերակցությամբ։

Պատգամավորներից մի մասին մտահոգում էր այն, որ նախագծի ընդունման արդյունքում փոքր գյուղերը կարող են ուշադրությունից դուրս մնալ։

«Ես բերեմ ընդամենը երկու օրինակ․ մեկը Կողբը և Բերդավանը: Եվ երկրորդը, Մեղրու տարածաշրջանի 15 համայնքներ միավորում ենք, և ստրատեգիական ու աշխարհաքաղաքական դիրք ունեցող Մեղրու տարածաշրջանում, որը 664 քառակուսի կիլոմետր է, ստեղծում ենք ընդամենը մեկ համայնք, մեկ համայնքային իշխանություն: Սա աննախադեպ բան է», - հայտարարեց Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»):

«Նույն Տաթևը, Տավուշի մարզում Լուսահովիտ գյուղը․․․ դրանք փոքր համայնքներ են, բայց 1500 տարվա պատմություն ունեն, 1000 տարվա պատմություն ունեն։ Խոսքը, բացի խոշորացման արհեստական ծախսերից, վերաբերվում ա մշակույթին: Եկեղեցի կա նույն իմ նշած համայնքում հինգերորդ դարի: Ես առաջարկում եմ, որ պետությունը սրան նայի նաև որպես մշակութային խնդիր, իր վրա վերցնի էդ ծախսերը և չխուսափի էդ փոքր համայնքները պահել։ Դա դպրոց պահելու նման բան ա», - ասաց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Հայաստանում համայնքների խոշորացման նախաձեռնողներից փորձագետ Վահան Մովսիսյանի խոսքով, եվրոպական շատ երկրներ այս ճանապարհն արդեն անցել են, ու հերթը Հայաստանինն է․ - «Փոքր գյուղերին վտանգ չի սպառնում, պարզապես նրանց բյուջեն կգումարվի մյուսներին ու հնարավոր կլինի դրանք ավելի արդյունավետ օգտագործել»:

Նրա կարծիքով՝ գյուղապետարանի աշխատողներին ոչինչ չանելու համար աշխատավարձ վճարելու փոխարեն, օրինակ, կարելի է մանկապարտեզ բացել․ - «Տեղական ինքնակառավարումը սոցիալական հիմնարկ չէ»:

Ամիսներ առաջ Դիլիջանին միավորված Աղավնավանքի բնակիչների խոսքով, խոշորացումից հետո իրենց կյանքում շատ բան չի փոխվել․ շարունակում են ապրել նույն խնդիրներով։ Համայնքի ՀՀԿ-ական ղեկավարը, սակայն, խոստացել է, որ նոր տեխնիկա են բերելու, ճանապարհների ու լուսավորության հարցն են լուծելու։

XS
SM
MD
LG