Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի։
Հասանովը բարձր է գնահատել ռազմական ոլորտում Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը։ Նա Ռուսաստանի պաշտպանության նախարարին հրավիրել է այցելել Ադրբեջան։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Շոյգուն և Հասանովը քննարկել են միջազգային անվտանգության հարցեր, «այդ թվում՝ Անդրկովկասում և Կասպյան տարածաշրջանում»:
«Մեր ռազմական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում, ինչպես և մնացյալ ամբողջ համագործակցությունը մեր երկրների միջև», - նույն աղբյուրի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը՝ «բավականին հագեցած» որակելով 2016 թվականի համագործակցության ծրագիրը: