Մատչելիության հղումներ

Բեռլինում կհանդիպեն Գերմանիայի կանցլերը և Վրաստանի վարչապետը


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Ակնկալվում է, որ այսօր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Բեռլինում կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Օրակարգի հիմնական թեման Եվրամիության՝ Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի անցնելու հարցն է, որի իրագործումը, ամենայն հավանականությամբ, կրկին կհետաձգվի:

Համենայնդեպս, Եվրոպական խորհրդի անդամները անցյալ շաբաթավերջին այդպես էլ չկարողացան այս հարցում համաձայնության գալ: Լրատվամիջոցները հաղորդեցին, թե փաստաթղթի վավերացմանը դեմ են դաշինքի առաջատար չորս երկրներ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Բելգիան:

Բեռլինում չեն թաքցնում՝ իրենց մտահոգություններից մեկը վրացական հանցաշխարհն է, որը մեծ ազդեցություն ունի Եվրամիության, նախևառաջ՝ Գերմանիայի տարածքում: Վիճակագրությունը փաստում է, որ միայն անցած տարի այդ երկրում 167 հազար բնակարանային գողություն է կատարվել, մեծ մասը՝ հենց վրացիների ձեռքով:

«Գերմանիայում ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիների զգալի մասը սերտ կապեր ունի հանցավոր խմբավորումների հետ: Որևէ այլ երկրի քաղաքացիներ վրացիների հետ այս առումով համեմատվել չեն կարող», - ըստ Spiegel-ի, հայտարարել է իշխող կուսակցության ներկայացուցիչ Արմին Շուստերը՝ Բունդեսթագում օրեր առաջ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ: Քրիստոնեա-սոցիալական միության անդամ Հանս-Պետեր Ուլն էլ պնդել է, թե այս պայմաններում Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ հաստատելու դեպքում Եվրամիությունը նոր գլխացավանքի առջև կկանգնի:

Եվրոպացիների այս փաստարկները, սակայն, ամենևին չեն համոզում պաշտոնական Թբիլիսիին: «Ժամանակին մեզ ասել են՝ կստանաք ավելին, եթե իրագործեք ավելի շատ բարեփոխումներ, հիմա պետք է տեր կանգնել այդ խոստմանը», - անցյալ շաբաթավերջին հայտարարեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Բրյուսելում: - «Վրաստանի հարցը չպետք է խառնել մյուս քննարկումների հետ, դա ազնիվ չի լինի և կհակասի այն հիմնարար սկզբունքներին, որ մենք որդեգրել ենք»:

Վարչապետ Կվիրիկաշվիլին էլ Բեռլին ժամանելուց առաջ պնդել է. - «Մենք մեր մասով անհրաժեշտ բոլոր քայլերը կատարել ենք, այժմ հերթը Բրյուսելինն է»:

Թբիլիսին չի թաքցնում՝ եթե Եվրամիությունը չաջակցի այս հարցում, կասկածի տակ կդնի արևմտամետ ուժերի հաղթանակը Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG