Մատչելիության հղումներ

Ստեփան Սաֆարյան. Դժվար է մերժել, չգնալ եռակողմ հանդիպմանը


Քաղաքագետ Ստեփան Սաֆարյան, արխիվ
Քաղաքագետ Ստեփան Սաֆարյան, արխիվ

Ըստ քաղաքագետի, հայկական կողմը չպետք է օրակարգային հարցերում զիջումներ թույլ տա։

Երեկ պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում եռակողմ բանակցություններ կվարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, Ռուսաստանը սրանով փորձում է ընդգծել իր առավելությունները և դրան զուգահեռ տանել այն խաղը, որը ավարտին չի հասցրել։

«Ապրիլյան պատերազմը Ռուսաստանի համար ստեղծեց բավականին բարդ իրավիճակ՝ հայկական կողմի պաշտոնական ընդվզումների արդյունքում։ Դրանից դրդված, նաև նկատի ունենալով, որ միայնակ ի վիճակի չէ ղեկավարել պրոցեսը, Ռուսաստանը նպաստեց Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպման կայացմանը։ Բայց քանի որ Ռուսաստանի ստրատեգիան չի ավարտվել ղարաբաղյան խնդրով և Ադրբեջանի հետ կապված, բնականաբար, ինքը փորձելու է այս խորապատկերին, ինչպես նախկինում է արել՝ 2008 թվականից սկսած, ընդգծել հստակ իր առավելությունները և դրան հընթացս նաև տանել այն խաղը, որը ավարտին չի հասցրել․ խոսքը վերաբերում է Ադրբեջան-Ռուսաստան պայմանավորվածություններին՝ ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծելու կտրվածքով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը։

Մայիսի 16-ին, հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Վիեննայում կայացած հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-1995 թվականների համաձայնագրերով: «Պայմանավորվել ենք նաև այն մասին, որ ԵԱՀԿ-ն կձևակերպի կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան հետաքննել միջադեպերը շփման գծում, այն մասին, որ ԵԱՀԿ-ն նաև կօգնի լուծել անհետ կորածների խնդիրը, և այն մասին, որ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն իրենց հաջորդ հանդիպման օրը և վայրը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ Վիեննայում ընդունված բազում որոշումներ մնում են չկայացած։ «Հայկական կողմը կարծեք թե պայմանների բավարարում է ակնկալում, մասնավորապես՝ լայնամասշտաբ և այլ ռազմական գործողությունների բացառման երաշխիքներ, որոնք ստեղծվել էին հատկապես մշտադիտարկման և նաև հետաքննությունների մեխանիզմների ներդրումով։ Այժմ մենք ականատեսն ենք լինում նրա, որ Ադրբեջանը և Ռուսաստանը, որոնք ավանդաբար շահագրգռված չեն եղել այս խնդիրներով, փորձում են ուղղակի էս պրոցեսին տալ բանակցության տեսք, այն դեպքում, երբ Հայաստանը, ըստ էության, պահանջել է նախ, առաջին հերթին, ստեղծել այդ երաշխիքները և բանակցությունների պայմանները և նոր միայն վերսկսել բանակցությունները»։

Հարցին, թե ճի՞շտ է այս դեպքում, երբ չկա կոնկրետ մեխանիզմների ներդրման մասին սկզբնական գոնե պայմանավորվածություն, մասնակցել այդ հանդիպմանը, Սաֆարյանը պատասխանեց. - «Ոչ միայն դա ճիշտ չէ, խոսքը հանդիպմանը մասնակցելու մասին չէ, խոսքը նպաստելն է, որ այդ հանդիպումը կոչվի բանակցություններ։ Դժվար է մերժել, չգնալ այդ հանդիպմանը։ Խուսանավելու ձևեր չկան, բայց հայկական կողմը չպետք է օրակարգային հարցերում զիջումներ թույլ տա և թույլ տա, որ այդ ընթացքը շարունակվի և մենք բանակցենք և՛ Լեռնային Ղարաբաղի բացակայության պայմաններում, ինչը արել ենք տարիներ շարունակ, և՛ նաև վերջապես երրորդ պատճառով՝ քանի դեռ այդ մեխանիզմները չեն ստեղծվել, չեն գործում և գնահատականներ չեն տրվել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG