Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Պարույր Հովհաննիսյանին նշանակելու մասին (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ Հրամանագրերի տեքստերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։
Պարույր Հովհաննիսյանը 43 տարեկան է, 2014 թվականից մինչ նոր նշանակումը զբաղեցրել է Հայաստանի արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետի պաշտոնը, արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական կոչում ունի։ Արտգործնախարարության հրապարակած կենսագրական տվյալների համաձայն, Հովհաննիսյանը միջազգային հարաբերությունների մասնագետ է՝ սովորել է Երևանի Պետհամալսարանում և Նյու Յորքի Սենթ Ջոնս համալսարանում, գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ Արտգործնախարարության համակարգում է 1996 թվականից, 1998-2001 թվականներին աշխատել է որպես ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ, ապա` երկրորդ քարտուղար, 2005-2009 թվականներին՝ Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավարի տեղակալ, խորհրդական։