Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակը դատապարտում է հայ զինվորականների մասնակցությամբ տեսանյութի տարածումը


Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր չմեկնաբանեց ենթադրաբար հայ զինվորականների մասնակցությամբ տեսանյութը, որն անհայտ անձանց կողմից երեկ տեղադրվել է համացանցում:

Տարածողների պնդմամբ՝ տեսանյութում դրվագ է ապրիլյան պատերազմի օրերից․ երևում է, թե ինչպես են հայ զինվորականները տեսախցիկով հետևում ադրբեջանական մեծածավալ ուժերի հարձակմանը և փորձում օգնության կանչել:

Հովհաննիսյանը միայն դատապարտեց տեսանյութի տարածումը․ - «Միանշանակ չպիտի հայտնվեր, բայց դա արդեն այլ հարթության, այլ տեղում քննարկվող հարց է: Անկեղծ ասած՝ ամբողջ աշխարհում դրա համար դատապարտում են»:

Չնայած, որ տեսանյութի իսկությունը հաստատված չէ, և հայտնի չեն տարածողները, Հովհաննիսյանը հորդորեց դրա վերաբերյալ հարցերն ուղղել տարածողներին և Ղարաբաղի Պաշտպանության բանակին:

Ղարաբաղյան զինված ուժերի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ինքն ընդհանրապես չի էլ դիտել այդ տեսանյութը՝ հավելելով, որ ապրիլյան պատերազմի օրերին ղարաբաղյան բանակի ողջ անձնակազմը իր պարտականությունները կատարել է փայլուն կերպով:

Արծրուն Հովհաննիսյանն այսօր մասնակցում էր ապրիլյան պատերազմի հասարակական արձագանքներն ամփոփող հարցման արդյունքների ներկայացմանը:

«Գելափ Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի փոխանցմամբ՝ շուրջ մեկ ամիս առաջ ավելի քան 1000 չափահաս հայաստանցիների շրջանում անցկացված հարցման տվյալներով, եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բնակչության համար ամենակարևոր խնդիրը գործազրկությունն էր, ապա հիմա առաջնային է պատերազմը․ - «Ամենակարևոր խնդիրը դա պատերազմական իրավիճակն է՝ 72.5 տոկոսը: Որից հետո գալիս է գործազրկությունը՝ 38.4, աշխատանքի խնդիրը՝ 35.3, և տնտեսական վիճակ՝ 31.2 տոկոսը»:

Հարցվածների շուրջ 87 տոկոսը նշել է, որ հետագայում Ադրբեջանի կողմից նոր հարձակումներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է գնել նոր զինտեխնիկա, իսկ 38 տոկոսը՝ թե պետք է նվազեցնել կոռուպցիան բանակում:

Հայաստանցիները նաև կարծում են, որ քառօրյա պատերազմի հիմնական հրահրողը Թուրքիան է․ - «81.3 տոկոսը նշում են Թուրքիան, 33 տոկոսը՝ Ադրբեջան, 17.2 տոկոսը՝ Ռուսաստանի Դաշնություն, 14.5 տոկոսը՝ ԱՄՆ-ը, և 1.1 տոկոսը նշել են եվրոպական երկրները»:

Ի պատասխան հարցի, թե ինչով են պայմանավորում ապրիլին Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը, հարցմամբ ընդգրկվածների 46.7 տոկոսը, Նավասարդյանի փոխանցմամբ, նշել է, որ այս իրավիճակը Ադրբեջանին թելադրվում է արտաքին ուժերի կողմից, 32.5 տոկոսը նշել է, որ Ադրբեջանը հրահրում է պատերազմական իրավիճակ, որպեսզի զսպի, քողարկի ներքին խնդիրները, և 28.1 տոկոսը նշել է, որ պայմանավորված է Ռուսաստանից և այլ երկրներից չափից ավելի սպառազինության ձեռք բերմամբ:

Ապրիլյան պատերազմից հետո, նախորդ տարիների հետազոտության համեմատությամբ ավելացել է մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ նոր հարձակման դեպքում հայկական ուժերը կարող են հակահարված տալ ադրբեջանական կողմին:

Հարցվածների մեծ մասը կարծում է նաև, որ հայկական բանակը պատրաստ է պատերազմին․ - «Լիովին պատրաստված է՝ 41 տոկոսն է նշել, ավելի շուտ պատրաստված է՝ 44.3 տոկոսը, ավելի շուտ պատրաստված չէ՝ 11 տոկոս, և 3.3 տոկոս նշել է, որ ընդհանրապես պատրաստված չէ: Ընդհանուր 84.4 տոկոսը կարծում է, որ մեր բանակը պատրաստ է հակազդելու նման լայնածավալ հարձակման»:

Ի տարբերություն Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարություններին տրված բարձր գնահատականի՝ հարցվածները համեմատաբար ցածր են գնահատել ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի նախագահի և վարչապետի գործունեությունը։

Հարցվածները նաև ցածր են գնահատել Ռուսաստանի արձագանքը պատերազմական գործողություններին: Ներկայացված արդյունքների համաձայն, հարցվածների շուրջ 85 տոկոսը պատերազմի օրերին տեղեկատվություն ստացել է հեռուստացույցից, որին հաջորդում են Ֆեյսբուքն ու շրջապատից ստացվող տեղեկատվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG