Մատչելիության հղումներ

Զարուհի Փոստանջյան. Միասնական ՀՕՊ-ը միտված է նվազեցնելու ՀՀ ինքնիշխանությունը


Ըստ Վարուժան Ավետիսյանի, Հայաստանին Հարավկովկասյան զինվորական օկրուգի բաղադրիչ են դարձնում։

Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, ըստ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության և խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի, միտված է նվազեցնելու Հայաստանի ինքնիշխանությունն ու հնարավորությունները:

«Եկեք վերադառնանք ապրիլյան պատերազմ և մինչև ապրիլյան պատերազմը տեղի ունեցող իրադարձությունները. 2014 թվականի օգոստոսից սկսած ռմբակոծվել են ոչ միայն արցախապատկան տարածքները, այլև Հայաստանի Հանրապետության տարածքները ևս, և մենք ՀԱՊԿ անդամ էինք, այստեղ ՀԱՊԿ-ից մենք չունեցանք որևէ աջակցություն, և ռմբակոծության հետևանքով զոհվեցին խաղաղ բնակիչներ։ Մենք ունենք պայմանագիր նաև ռուս սահմանապահների հետ՝ միասին վերահսկելու հայ-թուրքական և հայ-իրանական սահմանը։ Հայ-թուրքական սահմանը ևս խախտվեց վերջերս, երբ Թուրքիայի ուղղաթիռներն էին թռչում, և այստեղ մենք չունեցանք որևիցե պաշտպանական արձագանք, և հասկանալի է, որ սրանք, ընդհակառակը, միտված են նվազեցնելու մեր սուվերենությունը և մեր հնարավորությունները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։

Ըստ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների կողմից 2015 թվականի դեկտեմբերին ստորագրված և ներկայումս խորհրդարանների վավերացմանը սպասող այս համաձայնագրի կետերի, միասնական ՀՕՊ համակարգը նախատեսված է գործելու միայն ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակ։ Ինչպես օրեր առաջ պարզաբանել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը, համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել Ռուսաստանի զինված ուժերի օդատիեզերական զորքերի հնարավորությունները՝ ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառում։ Ռուսաստանի զինված ուժերի օդատիեզերական ուժերն ունեն արբանյակային համակարգ, նաև հսկման համակարգեր, որոնք կարող են օգտագործվել ի շահ Հայաստանի ՀՕՊ ուժերի։

Ռուսաստանի միջուկային ներուժն օգտագործելու մասին դրույթը, ըստ «Նոր Հայաստան» շարժման անդամ Վարուժան Ավետիսյանի, հոգեբանական ազդեցություն գործելու համար է օգտագործված։ «Սա ստորություն է արդեն։ Նախ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի օգնության պայմանագիր, ՀԱՊԿ-ի անդամ է Հայաստանը, այսինքն՝ մեկի վրա հարձակումը մյուսի վրա հարձակում է և այլն, սրա անհրաժեշտությունը չկար։ Բացի այդ, այս համաձայնագիրը գալիս է լրացնելու եղած պայմանագրաիրավական բազան Հայաստանի զինված ուժերի կարգավիճակն արդեն մաս առ մաս, այսպես կոչված, միավորված համակարգերի մեջ ներառելու անվան տակ մեր Զինված ուժերի նկատմամբ ռազմավարական կառավարումը մեզանից վերցնելու և մոսկովյան կենտրոնին տալու, կամ անգամ այստեղ նույնիսկ տեսնում ենք, որ մեզ ուղղակի Հարավկովկասյան զինվորական օկրուգի բաղադրիչ են դարձնում», - ասաց Ավետիսյանը։

«Ձեր մտահոգությունը ո՞րն է, որ եթե Լեռնային Ղարաբաղում խնդիր լինի, այսինքն՝ հակաօդային պաշտպանության սուր հարց դրված լինի, համաձայնագրի կնքումից հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը չե՞ն կարողանալու արձագանքել», - այս հարցին Փոստանջյանը պատասխանեց. - «Իհարկե ավելի ենք սահմանափակվելու, իրենց հետ համատեղ պետք է այդ որոշումը կայացնենք, ոչ թե ինքնուրույն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG