Մատչելիության հղումներ

ԼՂ օմբուդսմենը Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունն «աննախադեպ» է որակում


Սա անընդունելի է, սա մի բան է, որը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել, ասաց Ռուբեն Մելիքյանը։

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, ով հունիսի 6-ին Ղարաբաղում ծեծի էր ենթարկվել, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց, որ վիճակն արդեն լավ է, բուժումը շարունակում է տնային պայմաններում։

«Արդեն նորմալ եմ, տնային ապաքինման եմ, ճիշտ է դեռ ցավեր կան, բայց դեղերի և սրսկումների միջոցով արդեն անցնում է, կան կոտրվածքներ, որոնց ապաքինումը ժամանակի հարց է», - փոխանցեց Խանումյանը։

Անդրադառնալով դեպքի մանրամասներին՝ ընդդիմադիր պատգամավորը պատմեց, որ հունիսի 6-ին առավոտյան ժամը 10-ին գնացել է Ազգային ժողով՝ խորհրդակցության։ Խորհրդակցությունից հետո իր գործընկերոջ՝ Արթուր Թովմասյանի հետ քայլել է Ազգային ժողովի շենքի մոտով, և այդ պահին իրենց են մոտեցել զինվորական համազգեստով անձինք, բարևել, անցել։

«Ես ու Թովմասյանը շարունակել ենք զրուցել, և ես հետևից անակնկալ հարված եմ ստացել, որից հետո երեք-չորս հոգով ինձ դրել են մոտեցած մեքենայի մեջ և տեղափոխել Ստեփանակերտից դուրս՝ Արեշ թաղամասի և Խնածաղ գյուղի սահմանագիծը համարվող մի տեղանք, որտեղ մոտ երկու տասնյակ հոգով ծեծի են ենթարկել և ստիպել թուղթ գրել, որ ես հրաժարվելու եմ իմ մանդատից, ապագա քաղաքական գործունեությունից, հեռանալու եմ Արցախից, որ զղջում եմ երեկվա արածներիս համար և ինչ-ինչ մարդկանցից փողեր եմ վերցրել։ Այնուհետև մեքենան բերել է Ստեփանակերտ, որտեղ տաքսի են կանչել, և տաքսին տարել է իմ ասած տեղը, որտեղից էլ զանգահարել ենք շտապօգնություն», - պատմեց Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը։

Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունն աննախադեպ որակեց։ «Արդեն մոտավորապես 40 օր է ինչ իրականացնում եմ իմ մանդատը Ղարաբաղում, և այս ընթացքում աննախադեպ երևույթ է տեղի ունեցել, խիստ բացասական երևույթ է տեղի ունեցել։ Ես շատ մեծ հույս ունեմ և վստահ եմ՝ համոզմունքի հասնող, որ ես ստիպված չեմ լինի այսպիսի միջադեպով զբաղվել Արցախում։ Ես հենց նույն օրը՝ մի քանի ժամ անց, դատապարտել եմ այս բռնարարքը։ Սա անընդունելի է, սա մի բան է, որը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել», - ասաց օմբուդսմենը՝ միաժամանակ նշելով, որ ոչ մի երկիր նման միջադեպերից ապահովագրված չէ։

Հիշեցնենք, Խանումյանին առևանգելու փաստով հարուցվել է քրեական գործ։ Երկու մարդ ձերբակալվել է։

Օմբուդսմենը կարևորեց իրավապահների արձագանքը։ «Ես իմ դատապարտող հայտարարության մեջ մի քանի դատողություններ էի արել, որոնցից մեկն ակնկալել էի, որ բազմակողմանի օբյեկտիվ քննություն կիրականացվի, և երկրորդը՝ կոչ էի արել, որպեսզի թափանցիկության առավել մեծ ռեժիմ ընտրվեր։ Այս պահին կարող եմ արձանագրել, որ կարծեք թե այդ երկու չափանիշներն էլ ոնց որ թե պահպանվում են», - ասաց Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունիսի 12-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG