Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ խորհրդարանի մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունը վերացվելու հետ կապված սահմանադրական փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո նրանց վերաբերյալ արդեն 117 քրեական գործ է ուղարկվել դատախազություն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` TRT-ին տված հարցազրույցում Բոզդաղն ասել է, որ սահմանադրական փոփոխությունը թույլ է տվել վերացնել 152 պատգամավորի նկատմամբ 799 քրեական հետաքննության և դրանք իրագործելու դեմ եղած խոչընդոտները:
Նրա խոսքով` թուրքական խորհրդարանի ղեկավարության ձեռքի տակ եղած այդ նյութերը մոտ ժամանակում կուղարկվեն հանրապետական դատախազություն:
Քրեական գործերը հիմնականում վերաբերում են Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնող միակ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներին: