Մատչելիության հղումներ

Գյուղատնտեսության երեք փոխնախարար ազատվել են աշխատանքից


Գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից միայն տեղեկացանք, որ «նախարարը աշխատելու նախապատվություն է տվել երիտասարդ կադրերին»։

Այսօր գյուղատնտեսության միանգամից երեք փոխնախարար ազատվել են աշխատանքից, իսկ նրանց հաստիքները կրճատվել են․ նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը և տեղակալներ Սամվել Գալստյանն ու Գառնիկ Պետրոսյանը վաղվանից արդեն աշխատանքի չեն գնա։

Գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից հավելյալ մանրամասներ չհաջողվեց ստանալ, թե ինչու, օրինակ, նախարարությունը մինչ օրս ուներ 5 փոխնախարարի հաստիք, եթե նրանցից 3-ի հեռացման դեպքում անգամ բնականոն աշխատանքը չի խաթարվի։ Լրատվական ծառայությունից միայն ասացին՝ «նախարարը աշխատելու նախապատվություն է տվել երիտասարդ կադրերին»։

Կառավարությունում հաստիքների կրճատումից ավելի ակտիվ շարունակվում է ծառայողական մեքենաների կրճատումը։ Այսօր կրճատված 15 մեքենաներից մեկն 80-ականների, մյուսը՝ 90-ականների «Մերսեդես» է, 10-ից ավելին՝ ռուսական «Գազ 3110»։

Բյուջեի պլանավորմամբ զբաղվող ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի խոսքով՝ հաստիքների և ծառայողական մեքենաների կրճատումը բյուջեի ծախսերի տեսանկյունից մեծ խնդիր չի լուծի։ - «Ավելի շատ բարոյական խնդիր է», - ասաց նա:

Պավել Սաֆարյանն ասում է՝ գյուղատնտեսության նախարարության օրինակով իրենց գերատեսչությունում փոխնախարարների կրճատում չի սպասվում: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալը վստահ է՝ բյուջեում ավելորդ ծախսեր չկան, չնայած ընդդիմադիրների կողմից վերջին օրերին խորհրդարանում հնչող սուր քննադատությանը։

Փորձագետ Ստյոպա Սաֆարյանը այլ կարծիքի է․ ըստ նրա, կառավարությունն ուռճացված է, իսկ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած վերջին քայլերը կոսմետիկ բնույթ են կրում: Լուրջ բարեփոխումների փոխարեն, ըստ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարի, կառավարությունը պարզապես հնամաշ մեքենաներն է կրճատում։

«Ըստ էության՝ հասարակության ճնշումը ապրիլյան պատերազմից հետո նկատելիորեն ազդել է կառավարման համակարգի վրա: Իշխանությունները հասկանում են, որ ինչ-որ մի բան պետք է անեն: Մի կողմից նկատելի է, որ նրանք խոշոր և արմատական քայլերի չեն դիմում և չեն էլ դիմելու և ստիպված են բավարարվել կոռուպցիայի դեմ պայքարի, համակարգի օպտիմալացման այսպիսի կոսմետիկ դրսևորումներով», - ասում է փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG