Մատչելիության հղումներ

Հաշմանդամի սայլակին գամված դատապարտյալի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ


Իրավապաշտպանները պնդում են, որ Նուբարաշենի բանտում գտնվող Հրաչյա Գևորգյանը խոշտանգման է ենթարկվել, քանի որ մի քանի հիվանդություններ ունեցող դատապարտյալը զրկվել է անհրաժեշտ բուժումից։

Փաստաբան Տիգրան Սաֆարյանն ու նրա պաշտպանյալը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ ակնկալելով բարձր ատյանի միջամտությունը, որպեսզի կալանավորը տեղափոխվի մասնագիտացված բժշկական հաստատություն, համալիր հետազոտություն անցնի ու բուժում ստանա։

Ստրասբուրգյան դատարանը մինչև որոշում կայացնելը Հայաստանի կառավարությունից որոշակի պարզաբանումներ էր խնդրել կալանավորի առողջական վիճակի մասին․ արդյո՞ք Գևորգյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, եթե ոչ, արդյո՞ք արդեն որոշված է, թե երբ կտեղափոխվի։ Եվրադատարանը նաև խնդրել էր իրականացված բուժման փաստաթղթերը։ Ի պատասխան՝ Հայաստանի կառավարությունն ուղարկել է հիվանդի բժշկական քարտն ու նշել, թե կալանավորը ստացել է անհրաժեշտ բոլոր բուժումները։

Գևորգյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը, մինչդեռ, պնդում է, որ կառավարությունը թերի պատասխաններ է ուղարկել ՄԻԵԴ, և որ իր պաշտպանյալը, ով արդեն 2 տարի գամված է հաշմանդամի սայլակին, բանտի հիվանդասենյակներից մեկում մատնված է անուշադրության․ - «Կառավարության պատասխանը հետևյալն ա մոտավորապես, որ այս տարվա հունվարի 15-ին կատարվել ա գլխի համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն, պաթոլոգիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել: Կատարվել է նաև նեյրոգրաֆիան, որևէ խնդիր չի հայտնաբերվել: Բայց մեր խնդրանքը հենց դրանում է, որ համալիր հետազոտություն իրականացվի, ի վերջո հասկանանք Հրաչյա Գևորգյանի ֆիզիկական ու առողջական ծանր վիճակի պատճառը»:

Թվարկելով իր պաշտպանյալի հիվանդությունները՝ խրոնիկական բրոնխիտ, խրոնիկական հեպատիտ C, պարկինսոնյան համախտանիշ, Սաֆարյանը պնդեց, թե նման ծանր հիվանդություններ ունեցող մարդը կարիք ունի ստացիոնար բուժման, այլ ոչ թե պետք է գտնվի կալանավայրի հիվանդասենյակում:

Պաշտպանը վկայակոչում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված բժշկական քարտը, որտեղ հիվանդությունների դիմաց բուժման մասին որևէ գրառում արված չէ․ - «Հենց կառավարության ուղարկած բժշկական փաստաթղթերը, ամբուլատոր քարտի բովանդակությունը հաստատում է մեր պնդումը, որ Հրաչյա Գևորգյանը քրեակատարողական հիմնարկում չի ստանում բուժում: Մենք գիտենք, որ քրեակատարողական հիմնարկներում անձանց բուժումը համակարգային խնդիր ա Հայաստանում: Դրա պատճառները շատ են, բայց խնդիրը նաև ընդունում է ոլորտի պատասխանատուն՝ Արդարադատության նախարարությունը»:

Նա հավելեց, որ նախարարությունը ստանդարտ պատասխան է տալիս՝ թե կալանավորը ստանում է համապատասխան բուժում․ - «Իրա առողջական վիճակը էնքան ծանր ա, ու հիվանդության ախտորոշումները նենց ծանր ախտորոշումներ են, որ ոչ ոք չի կարող համոզել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը իր բժշկական անձնակազմով, սարքավորումներով ունակ ա, կարող ա պատշաճ բուժօգնություն տրամադրել: Իմ նշած հիվանդությունների բուժումը նույնիսկ քաղաքացիական ոչ բոլոր հաստատություններում կարան պատշաճ իրականացնեն»:

Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը խոշտանգում է որակում Հրաչյա Գևորգյանի հետ կատարվածը։ Դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ սա եզակի դեպք չէ։

«Չնայած որոշ բարեփոխումներին, դեռ առկա է կանխակալ վերաբերմունք բանտում գտնվող մարդկանց նկատմամբ», - ասաց Սարգսյանը։ - «Կա տեսակետ, որ դատապարտյալը միշտ ստում ա: Մենք գնում ենք հակառակ ուղղությամբ․ մենք ասում ենք՝ դատապարտյալը չի ստում, ու փորձում ենք փաստերով ներկայացնել այս կամ այն խնդիրը»:

Հաշվի առնելով կառավարության դիրքորոշումը՝ վաղը Սաֆարյանը կրկին բողոք կուղարկի Ստրասբուրգի դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG