Մատչելիության հղումներ

Թուրք-գերմանական հարաբերությունները շարունակում են սրվել


Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո թուրք-գերմանական հարաբերությունները շարունակում են սրվել: Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտն այսօր հրապարակավ քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ով ավելի վաղ սպառնալից հայտարարություններ էր արել գերմանական խորհրդարանի՝ ծագումով թուրք պատգամավորների հասցեին:

«Ցանկացած ոք, որ փորձում է սպառնալիքներով ճնշում գործադրել առանձին պատգամավորների վրա, պետք է իմանա, որ հարձակում է գործում ողջ Բունդեսթագի վրա», - ասել է Լամմերտը:

Ավելին՝ Գերմանիայի խորհրդարանի նախագահը պնդել է, թե Բունդեսթագը պարտավոր է հակադարձել թուրքական կողմին՝ օրենքով հնարավոր բոլոր միջոցներով:

«Ես ապշած եմ, որ գերմանացի օրենսդիրների հասցեին սպառնալիքները հնչեցվում են նաև թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, երբեք չէի մտածի, որ ժողովրդավար ճանապարհով ընտրված որևէ նախագահ 21-րդ դարում իր քննադատության հիմքում կդնի կասկածները Բունդեսթագի պատգամավորների ծագման վերաբերյալ՝ փչացած համարելով նրանց արյունը», - ընդգծել է նա։

Բունդեսթագի նախագահից բացի Էրդողանի հայտարարությունները խստորեն քննադատել է նաև Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մինչդեռ, չի ընկրկում և երեկ կրկնել է աղմկահարույց խոսքերը, թե պետք է լաբորատոր քննության ենթարկել Բունդեսթագի՝ ծագումով թուրք պատգամավորների արյունը:

«Նրանց անունը փչացած է, սակայն մեր ժողովուրդը արժանի դաս կտա նմաններին», - պնդել է Էրդողանը՝ գերմանացի պատգամավորներին դասելով քուրդ ահաբեկիչների շարքին․ - «Ժամանակ առ ժամանակ հանդիպում են մարդիկ, որոնց արյունը փչացած է, դրանք ահաբեկիչներն են, որոնք կրակ են բացում մեր պետության ու ժողովրդի ուղղությամբ, մտավորականներ ու գիտնականներ, որոնք հայտարարություններ են անում՝ աջակցելով նրանց, կամ Գերմանիայի Բուդեսթագի պատգամավորներ, որոնք մեղադրեցին սեփական երկրին ցեղասպանություն գործելու մեջ»:

Էրդողանը նաև պնդել է, թե թուրքական կողմն այժմ գնահատում է իրավիճակը, ինչից հետո արդեն համապատասխան քայլեր կձեռնարկի:

Այսօր էլ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն է հայտարարել՝ Բունդեսթագի բանաձևը կվնասի թուրք-գերմանական հարաբերությունները՝ չմանրամասնելով, սակայն, թե ինչպես:

Hurriet Daily News-ն էլ գրում է, թե մի խումբ թուրք իրավաբաններ դիմել են դատախազություն՝ հորդորելով քրեական գործ հարուցել Բունդեսթագի՝ ծագումով թուրք պատգամավորների նկատմամբ՝ թուրքերի ինքնությունն ու պետությունը վիրավորելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG