Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան․ Մենք դեռևս չունենք այն հնարավորությունը, որը տալիս է Ռուսաստանի տեխնիկան


Հայաստան - Ռուսաստան միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը, ըստ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի, չի վնասի Հայաստանի ինքնիշխանությանը և, մասնավորապես, օդային տարածքի անկախությանը։

«Դա մանրակրկիտ հնարավորություն է տալու դիտարկել մեզ շրջապատող ամբողջ տարածքը: Այսինքն մենք ինքներս դեռևս այն հնարավորությունը, որը տալիս է Ռուսաստանի տեխնիկան, մենք դա չունենք», - հավելեց Քոչարյանը:

2015-ի դեկտեմբերին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը, ըստ որի կստեղծվի Կովկասի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ, արդեն դրական եզրակացություն է ստացել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, սակայն դեռ չի քննարկվել լիագումար նիստում:

Հնչող մտահոգություններին, թե այս համաձայնագիերը արդեն ենթադրում է ինքնիշխանության որոշակի զիջում, այսօր արձագանքել է նաև Պաշտպանության նախարարությունը՝ ծավալուն տեղեկանքով, որում շեշտվում է․ - «Սա համատեղ, այլ ոչ թե միասնական համակարգ է, այսինքն` Հայաստանի հակաօդային պաշտպանության զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը»:

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ենթադրեց, որ համաձայնագրի վավերացումը բուռն ընթացք կունենա խորհրդարանում, սակայն շտապեց ցրել մտահոգությունները․ - «Սա փոխշահավետ համաձայնագիր է: Մենք առավելապես բարձրացնելու ենք մեր պաշտպանունակությունը և որևէ կերպ չենք կորցնում ինքնուրույնությունը․ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներն են իրականացնելու հրամանատարությունը»:

Հակաօդային պաշտպանության համաձայնագրի տեքստում Հայաստանի համար մտահոգիչ խնդիրներ չի տեսնում նաև ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը․ - «Ինքիշխանության որևէ խախտում ես այստեղ չեմ տեսնում: Դա չի սահմանափակում Հայաստանի լիազորությունները կամ կարողությունները՝ օգտագործել իր հակաօդային պաշտպանության միջոցները նաև առանձին»:

Մտահոգությունը, սակայն, ոչ թե համաձայնագրի տեքստի հետ է կապված, այլ այն հարաբերությունների, որ ձևավորված են Հայաստանի և Ռուսաստանի միջև․ - «Դա արդեն ուրիշ հարց է: Եթե իշխանությունը հակառակ նրան, թե դե յուրե ինչ գոյություն ունի, հակառակ իր լիազորությունների, ինքն է մտնում վասալային հարաբերությունների մեջ, սա արդեն իշխանությանը մեղադրելու խնդիր է: Եվ ես կարծում եմ, որ այդտեղ լուծումը շատ պարզ է՝ մեզ պետք է լեգիտիմ իշխանություն»:

Քննադատելով ՀԱՊԿ անդամ երկրների պահվածը ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին՝ Զուրաբյանը, այդուհանդերձ, համարում է, որ ռազմաքաղաքական այդ դաշինքին անդամակցությանը այլընտրանք չկա․ - «Այն, ինչ որ արվեց, բավարար չէր, և երևաց, որ ադեկվատ չի ստեղծված նոր վիճակին և մարտահրավերներին: Բայց եթե խոսքը նրա մասին է, թե արդյոք սա պետք է հիմք ծառայի, որ մենք այդ դաշնակցային հարաբերություններից հրաժարվենք, այդտեղ պատասխանը միանշանակ է՝ այդ դաշնակցային հարաբերություններին ալտերնատիվ գոյություն չունի: Իրականում խնդիրների լուծումը պետք է ավելի շատ փորձել գտնել հայ-ռուսական երկկողմանի համագործակցության ձևաչափում, քան թե ՀԱՊԿ-ում: Իսկ եթե այդ խնդիրները լուծվեն երկկողմանի ձևաչափում, ՀԱՊԿ-ում խնդիրների լուծումը դառնում է դրանից ածանցյալ»:

Իշխող Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս համոզված է, որ ՀԱՊԿ-ին այժմ այլընտրանք չկա և մոտ ապագայում չի լինի: Նա ընդունում է, որ կան թերություններ, խնդիրներ, կառույցում կան անդամներ, որոնց գործողությունները միշտ չէ, որ բխում են Հայաստանի շահերից, սակայն Ռուսաստանը մշտապես հայկական կողմի դիրքորոշումն է պաշտպանել․ - «Մոտ ապագայում ՀԱՊԿ-ից դուրս գալու նույնիսկ քննարկումները ոչ-օգտակար եմ համարում մեր պետական և ազգային շահերի համար: Մենք որևէ մեկին լավություն չենք արել մտնելով ՀԱՊԿ: Մենք ՀԱՊԿ մտել ենք, որովհետև այդպես է պահանջել, պահանջում Հայաստանի ազգային ու պետական շահը»:

Շարմազանովը նաև վստահեցնում է՝ Աստանայում Եվրասիական տնտեսական միության երկրների նախագահների հանդիպումից հետո իրավիճակը կփոխվի․ - «Նախագահի ելույթից հետո պտուղները կտեսնենք շուտով: Կզգանք, որ թե՛ Բելառուսը, թե՛ Ղազախստանը ավելի բալանսավորված կլինեն իրենց հայտարարություններում»:

XS
SM
MD
LG