Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Դավիթ Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած կենսագրական տվյալների համաձայն՝ Դավիթ Մելքոնյանը 36 տարեկան է, Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների և իրավունքի ուսուցման ծրագրով սովորել է նաև Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում (ԱՄՆ): 2006 թվականից մինչ օրս դասավանդում է ԵՊՀ-ում՝ որպես քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ 2014-ից՝ դոցենտ: 2004-2006 թվականներին աշխատել է որպես Ազգային ժողովի Եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի փորձագետ, 2006-14 թվականներին՝ Ազգային ժողովի նախագահի խորհրդական, մեկ տասնյակից ավելի գործերով Սահմանադրական դատարանում ներկայացրել է ԱԺ-ն: 2011-14 թվականներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եղել է ազգային իրավաբան, 2014-16-ին՝ Հայաստանի գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ, 2015-ից՝ դատախազության կոլեգիայի անդամ, 2016-ի մարտի 9-ից մինչ նոր նշանակումը՝ Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ: Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ է: