Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Թուրք-ադրբեջանական դաշինքը պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանին


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ազգային ժողովի նախագահը շեշտում է՝ Անկարան նեոօսմանական հավակնություններ ունի:

«Թուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդն է, և այսօր պանթյուրքիզմի գաղափարախոսությունն առանցքային է Թուրքիայի քաղաքականության մեջ», - հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունական «Էպիկերա» ամսագրին տված հարցազրույցում:

«Դա պետք է գիտակցեն թե՛ Եվրոպան, թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն», - ընդգծել է Շարմազանովը՝ շարունակելով․ - «Արդեն 23 տարի է, ինչ Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը՝ փակ պահելով եվրոպական սահմաները: Այն առաջին իսկ պահից աջակցել է Ադրբեջանին թե՛ 90-ականների պատերազմի ընթացքում, թե՛ քառօրյա պատերազմում: Թուրքիան շարունակում է օկուպացված պահել Կիպրոսի 38 տոկոսը, անցած տարի խոցեց ռուսական ինքնաթիռը, որը պայքար էր մղում ահաբեկիչների դեմ: Թուրքական ռազմական ինքնաթիռները բազմիցս խախտում են Հունաստանի օդային տարածքը»:

«Թուրքիան ունի կայսերական նկրտումներ թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Կովկասի տարածաշրջանում, թե՛ Բալկաններում: Նեոօսմանական հավակնություններ ունի: Այդ մասին խոստովանել է Դավութօղլուն: Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը, ասում էր, որ «մենք մեկ ազգ ենք, երկու պետություն»: Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը ասում էր, որ չկա ադրբեջաներեն, կա թուրքերեն: Այսպիսով՝ կարելի էր ակնկալել Թուրքիայի այս դաշինքն Ադրբեջանի հետ», - Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասել է Էդուարդ Շարմազանովը և շեշտել․ - «Սա պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի այլ երկրներին»:

«Ինչպե՞ս եք տեսնում այսօր Թուրքիայի դերը տարածաշրջանում և Ռուսաստանի հետ նրա բախման հետևանքները», - այս հարցին Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը արձագանքել է․ - «Պատմության ընթացքում տեղի են ունեցել թուրք-ռուսական հակամարտություններ: Եղել են նաև հաշտեցումներ: Իմ անձնական կարծիքով՝ այս երկու երկրները ոչ միայն մրցակիցներ են, այլև հակառակորդներ: Առնվազն այս պահի դրությամբ: Ուստի, Թուրքիան առաջ է տանում նեոօսմանական քաղաքականությունը և իր այդ հավակնոտ քաղաքականության շրջանակում բախվում է Ռուսաստանի շահերին»:

«Կովկասի և Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը, կարծում եմ, մշտապես բախվելու են: Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Բնականաբար ես կարևոր եմ համարում Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում. դա բալանսավորում է Թուրքիայի զավթողական նկրտումները: Բայց նաև Կիպրոսի հարցում միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի Թուրքիայի հավակնությունները», - նշել է Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG