Ամերիկյան Bloomberg հեղինակավոր պարբերականը ներկայացրել է 2015 թվականի աշխարհի ամենաազդեցիկ 50 անձանց ցուցակը:
Առաջին հորիզոնականը, ըստ գործակալության, զբաղեցնում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը:
Երկրորդ տեղում է հայտնվել Չինաստանի նախագահ Սի Ծինպինը․ ամբողջ ֆինանսական աշխարհը, ինչպես նշում է պարբերականը, սպասում է, թե երբ Սին եւ իր Կոմունիստական կուսակցությունը չինական ֆոնդային բորսայի՝ 2015-ի ամռանը փլուզվելուց հետո կրկին կապացուցեն, որ նախկինի պես իրավունք ունեն կոչվելու աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունն ունեցող երկիրը:
Երրորդ հորիզոնականում է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը․ տարեցտարի աճում են ոչ միայն այս ընկերության եկամուտները, այլև ազդեցությունը:
Ցուցակում տեղ են գտել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագիի, Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդի անունները: