Մատչելիության հղումներ

Խանումյան․ «Չի բացառվում, որ Բաբայանը ԼՂ պաշտպանության նախարար նշանակվի»


Սամվել Բաբայան, արխիվ
Սամվել Բաբայան, արխիվ

Վերջերս արտերկրից Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանն այս կիրակի մեկնելու է Ստեփանակերտ:

Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը չի բացառում, որ առաջիկայում Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Արցախի զինված ուժերում պաշտոն ստանա: «Այո, ես չեմ բացառում, ավելին, մենք ձգտում ենք նրան, որ Սամվել Բաբայանն Արցախում դառնա Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար»,- «Ազատությանն» ասաց Խանումյանը:

Ի պատասխան մեր հարցին՝ արդյո՞ք Արցախի ռազմական ղեկավարությունը կողմ է, որ Սամվել Բաբայանը կրկին ստանձնի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի պաշտոնը, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը նշեց, թե նման որոշում կայացնելու իրավասություն ունի միայն Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Խանումյանն, այդուհանդերձ, չբացառեց նման նշանակման հնարավորությունը՝ «Առաջիկայում կտեսնենք, տեսականորեն դա բացառված չէ»:

Վերջերս արտերկրից Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանն այս կիրակի այցելելու է Ստեփանակերտ: Սպասվո՞ւմ է, որ նա հանդիպուներ կունենա ԼՂ ղեկավարության հետ, այս հարցին ի պատասխան, ընդդիմադիր պատգամավորը նշեց՝ այդ հարցերը կհստակեցվեն Բաբայանի՝ Ղարաբաղ ժամանելուց հետո միայն:

Մինչդեռ, պատասխանելով «Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ Բակո Սահակյանն առաջիկայում Սամվել Բաբայանին նշանակի ԼՂ պաշտպանության նախարարի պաշտոնում, Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն ասաց՝ «Ես տեղյակ չեմ, չգիտեմ՝ Խանումյանի ասածը լո՞ւրջ ընդունել, թե՞ այլ ձևով ընդունել, դրա համար չեմ ուզում մեկնաբանել»: Իսկ թե հնարավո՞ր է առնվազն Բակո Սահակյան-Սամվել Բաբայան հանդիպում, այս հարցին ի պատասխան էլ Դավիթ Բաբայանը նշեց՝ «Էդպիսի ծրագրեր, ինչքան գիտեմ, չկան, ես տեղյակ չեմ, կարծում եմ, որ չկան»:

Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը օրերս «Սիվիլնեթին» տված հարցազրույցում սուր քննադատության էր ենթարկել ռազմական ղեկավարությանը՝ մասնավորապես, նշելով, որ ապրիլյան քառօրյա իրադարձությունների ժամանակ սխալներ են թույլ տրվել, ինչի պատճառով էլ հայկական կողմը դիրքեր է կորցրել: Սամվել Բաբայանը նաև ասել էր, թե իրավիճակի սթափ վերլուծություն չի կատարվում, պաշտպանական համակարգեր չեն ստեղծվում: «Բարձր ոգով հրթիռ կամ արկ չես բռնի»,- հեգնել էր նա:

Ի պատասխան այդ գնահատականների, ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի իշխանական շրջանակներից հայտարարություններ հնչեցին, թե Բաբայանն այդպիսով փորձում է քաղաքական դաշտ մուտք գործել: Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբկացության ղեկավար Հայկ Խանումյանը, մինչդեռ, պնդում է՝ Սամվել Բաբայանն առաջիկայում կենտրոնանալու է միայն բանակի խնդիրների վրա: «Պաշտպանությունը նույնպես քաղաքականության մասն է, այլ բան է, երբ քաղաքական գործունեություն ասելով՝ հաճախ շատերը հասկանում են միայն մասնակցություն ընտրություններին կամ կուսակցական գործունեություն: Կարծում եմ՝ առաջիկայում Սամվել Բաբայանը նմանատիպ գործունեություն Արցախում չի ծավալի և կկենտրոնանա պաշտպանական խնդիրների վրա»,- մանրամասնեց Հայկ Խանումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG