Հայաստանի ֆուտբոլի հավաքականը այսօր իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցեց՝ 7-1 հաշվով առավելության հասնելով Գվատեմալայի ընտրանու նկատմամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հանդիպումը կայացավ Լոս Անջելեսում, որտեղ Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում:
«Հանդիպման հաշիվը բացեցին Գվատեմալայի ֆուտբոլիստները: Առաջին խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը և Էդգար Մանուչարյանը առաջ մղեցին մեր թիմին», - ասված է հաղորդագրությունում:
Մխիթարյանը ևս երկու գնդակ ուղարկեց հակառակորդի դարպասը երկրորդ խաղակեսում: Գոլերի հեղինակ դարձան նաև Գեղամ Կադիմյանը, Արթուր Սարկիսովը և Զավեն Բադոյանը:
Հաջորդ ընկերական հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 1-ին, ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով հունիսի 2-ին, ժամը 7:00-ին), Սալվադորի հավաքականի հետ: