Մատչելիության հղումներ

Արալեզ գյուղում ավտովթարից երկու շրջանավարտ է մահացել


Ոստիկանությունը հաղորդում է, որ արդեն արձանագրվել են անչափահաս վարորդների կողմից թույլ տրված հերթական օրինախախտումները, որոնցից մեկը՝ ողբերգական ելքով։

«Երեկ ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արալեզ գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, 1998 թվականին ծնված Հ. Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արալեզ գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով Հ. Ա.-ն և ուղևորներ՝ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ՝ 1999 թվականին ծնված Ա. Գ.-ն, 1997 թվականին ծնված Յու. Պ.-ն և 1998 թվականին ծնված Գ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Հ. Ա.-ն և Գ. Հ.-ն մահացել են», - ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը նաև հաղորդում է, որ նույն օրը և նույն ժամին Կոտայքի մարզի Զովք գյուղի սկզբնամասում կողաշրջվել է Զովք գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 2000 թվականին ծնված Տ. Բ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով Տ. Բ.-ն և ուղևորներ՝ Զովք գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ՝ 1999 թվականին ծնված Կ Հ.-ն և նույն թվականին ծնված Մ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների շրջանակում այսօր՝ ժամը 14.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 63 տրանսպորտային միջոց, որից 25-ը՝ Երևանում (2-ը՝ անչափահաս), 38-ը՝ մարզերում (27-ը անչափահաս):

«Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG