Մատչելիության հղումներ

Փիթեր Բալաքյան․ «Ադրբեջանական  ագրեսիային պետք է վերջ դրվի»


Փիթեր Բալաքյանը ՀՀ նախագահի նստավայրում, 26-ը մայիսի, 2016թ․
Փիթեր Բալաքյանը ՀՀ նախագահի նստավայրում, 26-ը մայիսի, 2016թ․

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, ամերիկահայ գրողը նշեց՝ վաղ թե ուշ Թուրքիան ստիպված է լինելու հաշվի նստել այդ իրողության հետ:

«Ադրբեջանական ագրեսիային պետք է վերջ դրվի»: Այսօր այս մասին Երևանում հայտարարեց Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը, պատասխանելով «Ազատության» հարցին՝ արդյո՞ք հետևել է ղարաբաղյան շփման գծում ապրիլի սկզբին տեղի ունեցած դրամատիկ զարգացումներին:

«Այո, Ադրբեջանի բանակն ակնհայտորեն պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Ադրբեջանական ագրեսիային պետք է վերջ դրվի»,- ասաց ամերիկահայ գրողը՝ շարունակելով. - «Կարծում եմ, որքան շատ տեղեկություններ լինեն Արցախի պատմության մասին, որը պատմական մեծ Հայաստանի մաս է կազմում, այնքան աշխարհն ավելի լավ կըմբռնի Ղարաբաղում հայկականության բնական ներկայությունը: Սա, կարծում եմ, կօգնի խնդրի կարգավորմամբ զբաղվողներին՝ Արցախի համար ճիշտ դիվանագիտական որոշումներ կայացնելու հարցում»:

Բալաքյանը, հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Ozone Journal բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել էր հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակի: Հայաստանում Բալաքյանի անունը հատկապես ճանաչելի դարձավ վերջինիս՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ճակատագրի սև շունը» վեպի հայերեն թարգմանության հրատարակումից հետո: Ozone Journal ժողովածուն նույնպես անդրադառնում է Հայոց Ցեղասպանությանն առնչվող հարցերի: Ավելի վաղ Փիթեր Բալաքյանը հրատարակել էր «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի արձագանքը» խորագիրը կրող փաստավավերագրական լայնածավալ մի աշխատություն:

Եվ զարմանալի չէ, որ այսօր ամերիկահայ գրողը Հայաստանի նախագահի կողմից արժանացավ մրցանակի՝ «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի» համար: Մրցանակի հանձնման արարողությունից հետո՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ «ի՞նչ եք կարծում, Թուրքիան ի վերջո կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը», Փիթեր Բալաքյանը նշեց. - «Չեմ կարող ասել, բայց դրականն այն է, որ Թուրքիայի քացաքացիական հասարակության զգալի հատվածը՝ միլիոնավոր մարդիկ, ցանկանում են ընդունել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին, հասնել արդարության՝ հայ ժողովրդի համար: Խնդիրը կառավարությունն է և ծայրահեղ ազգայնականությունը, որը գերակշռում է պաշտոնական դիրքորոշման մեջ: Կառավարությունն է, որ դա [ցեղասպանությունը] չի ընդունում՝ կառչած մնալով սխալ ազգայնականությունից:

Հույսը Թուրքիայի քաղաքացիական հասարակությունն է, որը պետք է ազդեցություն ունենա բարձրագույն իշխանության վրա՝ որպեսզի կարողանա ճեղքում կատարել: Այստեղ լավ նորությունն այն է, որ այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ ներքևից դեպի վեր: Այսօր Հայոց ցեղասպանությունը դառնում է միջազգային քննարկումների հիմնական ուղղություններից մեկը, այն նաև դասավանդվում է ԱՄՆ-ի միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Սա օգնում է, որ Հայոց ցեղասպանության թեման դառնա միջազգային քննարկումների առարկա: Վաղ թե ուշ Թուրքիան ստիպված է լինելու հաշվի նստել այդ իրողության հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG