Մատչելիության հղումներ

Վրաստանի ՏԻՄ ընտրությունները ուղեկցվել են բռնություններով


Վրաստանում կիրակի օրն անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների միջանկյալ ընտրությունների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել Զուգդիդիի շրջանում:

Իշխող դաշինքի՝ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ի աջակիցները հարձակվել ու ծեծի են ենթարկել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժման» ակտիվիստներին և աջակիցներին:

Այդ ընտրատարածքում հաղթել է ընդդիմության թեկնածուն, ով 10 ձայն ավելի է ստացել, քան իշխող դաշինքի թեկնածուն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ամփոփելով բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքները, հայտնել է, որ տվյալ տեղամասում քվեաթերթիկները մի քանի անգամ են հաշվել, քանի որ թեկնածուների ստացած քվեների տարբերությունը շատ քիչ էր:

Միխեիլ Սաակաշվիլին Skype-ով կապվել է իր կուսակցության հաղթած թեկնածուի հետ և շնորհավորել նրան: «Շնորհավորում եմ պատմական հաղթանակի կապակցությամբ: Սա շրջադարձ է ամբողջ Վրաստանի համար: 2012-ից հետո առաջին անգամ Ազգային շարժումը լուրջ հաղթանակի հասավ», - ասել է Սաակաշվիլին:

Իսկ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությամբ Սաակաշվիլին հայտարարել է, թե այս տարի «օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին պարտվելու է»:

Անցած կիրակի տեղի ունեցած տեղական միջանկյալ ընտրությունները կառավարման առումով մեծ նշանակություն չունեն, ընտրվել են տեղական խորհուրդների 9 նոր անդամներ՝ 7-ում հաղթել են իշխող կուսակցության թեկնածուները, երկուսում՝ ընդդիմության թեկնածուները, բայց այդ ընտրությունները քննություն են դիտարկվում հոկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դատապարտել է բռնությունները: Իր խոսնակի միջոցով Մարգվելաշվիլին հայտարարել է, թե «տուժել են ոչ միայն վնասվածքներ ստացած մարդիկ, այլև՝ ընտրողը, Վրաստանի պետական շահերը»:

Նա ասել է, որ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ տեղի ունեցած այս միջադեպին արագ և արդյունավետ արձագանքելը լուրջ քննություն կլինի իրավապահ մարմինների համար:

«Հետաքննությունը պետք է օրինակ լինի, որպեսզի հետագայում ոչ մեկը չհամարձակվի վնաս հասցնել Վրաստանի քաղաքացիներին և մեր երկրի ռազմավարական նպատակներին»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հետաքննում է միջադեպը: Վրացական լրատվամիջոցները հաղորդում էին, որ, այնուամենայնիվ, մայիսի 23-ի դրությամբ ոչ մի ձերբակալված չկար, միաժամանակ նշելով, որ Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ ակցիա անցկացրած ակտիվիստներից 10-ին ոստիկանությունը իսկույն բերման էր ենթարկել:

Նշվում է նաև, որ տեսանյութերում պարզորոշ երևում են ծեծկռտուքի մասնակիցները: Բացի այդ, Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչը կոնկրետ մարդկանց անուններ է թվարկել: Գիորգի Գաբաշվիլին, բրիֆինգում ներկայացնելով նրանց անունները, ասել է, որ այդ խմբին ֆինանսավորել է կառավարությունը, և որ խմբում ընդգրկված էին մարզիկներ, ինչպես նաև քրեական տարրեր:

Իշխող դաշինքի՝ «Վրացական երազանք»-ի նախագահ, երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, դատապարտելով տեղի ունեցած բռնությունները, միաժամանակ «աբսուրդ» է համարել ընդդիմության պնդումները, թե ծեծկռտուքին մասնակցել են կառավարության կողմից ֆինանսավորված մարզիկները: Իսկ իշխող կուսակցության քաղխորհրդի նոր ղեկավար Մամուկա Մդինարաձեն պնդել է, որ ծեծկռտուքը սադրել է ընդդիմությունը:

Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելին, դատապարտելով բռնությունները, ասել է, որ այդպիսի բռնություններին անպայման պետք է վերջ տրվի:

«Ժողովրդավարական հասարակություններում նման երևույթները տեղ չունեն»,- ասել է ԱՄՆ-ի դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG