Ավստրիայում այսօր տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում Եվրոպական միության երկրներից մեկում առաջին անգամ կարող է ղեկավար ընտրվել աջակողմյան քաղաքական գործիչը։
Այսօր պայքարն ընթանում է Ազատության կուսակցության առաջնորդ Նորբերտ Հոֆերի և Կանաչների նախկին առաջնորդ Ալեքսանդեր Վան դեր Բելլենի միջև։
Նորբերտ Հոֆերն առաջին փուլում շատերի համար անսպասելի առաջատար է դարձել՝ վաստակելով քվեների 35 տոկոսը։
Վերլուծաբանների համոզմամբ, նրա հաջողությունը նախևառաջ պայմանավորված է Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից Եվրոպա ժամանած փախստականների խնդրով։ Անցյալ տարի Ավստրիան ընդունել է ապաստան հայցող 90 հազար փախստականի, ինչը կազմում է երկրի բնակչության ավելի քան մեկ տոկոսը։ Կառավարությունը դրանից հետո փորձել է զսպել փախստականների ներհոսքը և ապաստանի տրամադրումը, սակայն դա միայն խթանել է ընտրողների աջակցությունը աջակողմյան կուսակցություններին։
Նշենք, որ Ավստրիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 24-ին։