Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Գևորգ Սաֆարյանի գործով դատավարությունը


Գևորգ Սաֆարյան, արխիվ

Շուրջ հինգ ամիս անազատության մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանին աջակիցները ծափահարություններով ու վանկարկումներով դիմավորեցին․ առաջին դատական նիստին ընդդիմադիր ակտիվիստը բարձր տրամադրությամբ ներկայացավ:

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ հայտնվեց ամբաստանյալի աթոռին, կարճ արձագանքեց․ - «Կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի է»:

Նիստի հենց մեկնարկին Գևորգ Սաֆարյանի փաստաբանը կասկածի տակ դրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի անաչառությունը, միջնորդեց ինքնաբացարկ հայտնել՝ հիշեցնելով, որ նախկինում հենց նա է դատել մի շարք քաղաքական գործիչների` այդ թվում Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին, Մարտի 1-ի գործով անցնող ընդդիմադիրներին:

«Դուք այն եզակի դատավորներից եք, ովքեր քննում են նմանատիպ գործեր: Այս առումով հասարակության մեջ ձևավորվել է մոտեցում, որ Դուք իշխանությունների անօրինությունները արդարացնող բացառիկ կարողություններ ունեցող դատավոր եք», - հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ նաև հիշեցնելով, որ Մնացական Մարտիրոսյանը միաժամանակ գլխավորում է դատավորների էթիկայի ու կարգապահական հանձնաժողովը ու արդեն չորս անգամ օրինական է ճանաչել Սաֆարյանի կալանքի՝ տարբեր դատավորների որոշումները:

«Իշխանությունները և դատավոր Մարտիրոսյանը ընդգծված վերաբերմունք ունեն Գևորգ Սաֆարյանի նկատմամբ: Ավելի դեգրադացնել և հեղինակազրկել արդարադատության բուն բովանդակությունը հնարավոր չէ: Փաստորեն այս բոլոր ակնհայտ անօրինական և անհեթեթ դատական ակտերը կայացրել են հենց Սաֆարյանի նկատմամբ և հենց դատավոր Մարտիրոսյանի արդարացմամբ», - շարունակեց փաստաբանը:

Գևորգ Սաֆարյանն իր հերթին ավելացրեց՝ Մնացական Մարտիրոսյանը ճաղերի հետև է ուղարկել բազմաթիվ քաղբանտարկյալների, որոնցից առնվազն մեկի՝ Ժիրայր Սեֆիլյանի գործը եվրոպական դատարանն ապօրինի է ճանաչել․ - «Որևիցե մեկը չի ուզում, որ իմ քրեական գործը գտնվի մի դատավորի մոտ, ով ոտնահարում է մարդու իրավունքները»:

Դատավորը հակադարձեց՝ Գևորգն ու փաստաբանը «բարեխիղճ մոլորության մեջ են», Եվրադատարանի որոշումը ոչ թե իր կայացրած վճռին, այլ նախաքննությանն է վերաբերել: Էթիկայի խորհրդի որոշումները միանձնյա չի կայացրել, եղել է քվեարկություն, իսկ գործն էլ պատահականության սկզբունքով է այսօր իր սեղանին:

Մի քանի ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:

Երկրորդ միջնորդությամբ փաստաբանը կալանքը վերացնելու հարցը բարձրացրեց, կամ որ գոնե գրավ կիրառվի՝ հաշվի առնելով պատգամավորների, մտավորականների, անգամ Գևորգի հարևանների երաշխավորագրերը: Ինքը՝ ակտիվիստը, տարակուսած էր՝ դեպքի հենց հաջորդ օրն էր միջնորդել առգրավել ոստիկանների նկարահանած կադրերը․ - «Հակառակ դեպքում տարօրինակ կլիներ, եթե ես հանցագործությունը կատարեի ու միջնորդեի, որ իմ կատարած հանցագործության տեսանյութերը առգրավվեն: Եթե մի պահ ենթադրենք, որ ես տվյալ արարքը կատարել եմ, դատարանը կարող է որոշել, որ որպես պատիժ տուգանի ինձ 300,000 դրամ: Տրամաբանակա՞ն է արդյոք 300,000 դրամի համար մարդը անազատության մեջ մնա 5 ամիս, 6 ամիս, 10 ամիս»:

Մոտ մեկ ժամ էլ այս միջնորդությունը քննելով՝ դատավորը խորհրդակցական սենյակից վերադարձավ մերժման որոշումը ձեռքին:

Իսկ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանի առաջին միջնորդությունն էր՝ արգելել դատավարության լուսաբանումը, որպեսզի դահլիճից հեռացված վկաները չիմանան, թե ինչ է խոսվում նիստին: Դատավորն առարկեց:

Գործուղման պատճառաբանությամբ առաջին նիստին չէր ներկայացել գործով տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանը, նա է պնդում, որ Գևորգն Ամանորի գիշերը հարվածել է իրեն: Գեղամ Խաչատրյանը ժամանակին այսպիսի ցուցմունք նաև Շանթ Հարությունյանի դեմ էր տվել:

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Գևորգ Սաֆարյանը կարող է տուգանվել, ազատազրկվել մեկ ամսով, կամ էլ՝ առավելագույնը հինգ տարով: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը լավատես չէ, դատավոր Մնացական Մարտիրոսյանի գործելաոճը լավ գիտի․ - «Մնացական Մարտիրոսյանը ռեժիմի ամենահայտնի գործիքն է դատական համակարգում: Պաշտպանի շուրթերից հնչած ինքնաբացարկի միջնորդության տեքստը իրականում քրեական հանցագործ Մարտիրոսյանի և նրա նման արդարադատության ոլորտում հանցագործություններ կատարած դատավորների մեղադրական եզրակացության մի մասն էր»:

Դատական հաջորդ նիստը հունիսի 1-ին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG