Մատչելիության հղումներ

«Լեռնային Ղարաբաղ. Եվս մեկ կառավարելի ճգնաժամ»


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այցելել է Պաշտպանության բանակի ուսումնավարժական կենտրոն, 17-ը մայիսի, 2016թ.
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այցելել է Պաշտպանության բանակի ուսումնավարժական կենտրոն, 17-ը մայիսի, 2016թ.

Stratfor կենտրոնը զուգահեռներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղի և Արևելյան Ուկրաինայի հակամարտությունների միջև։

Stratfor կենտրոնի փորձագետները հրապարակել են նոր վերլուծություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով։

Ինչպես Արևելյան Ուկրաինայի հակամարտության պարագայում` Ղարաբաղի խնդրի կարգավորման համար կարող է խոչընդոտ հանդիսանալ հետխորհրդային տարածքում ազդեցության համար Ռուսաստանի և Արևմուտքի մղած պայքարը, ընդգծում են Stratfor-ի վերլուծաբանները:

Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում այս պահին նկատվում է դիվանագիտական ակտիվություն, բայց առաջընթացի մեծ հույս չկա։ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ Վիեննայում մայիսի 16-ին տեղի է ունեցել չափազանց ներկայացուցչական հավաք, որի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը խաղաղ կարգավորմանը, բայց դրանից հետո բախումները չեն ավարտվել։

Վիեննայում տրված խոստումների և Ղարաբաղում իրական պատկերի տարբերությունը վկայում է այն սահմանափակումների մասին, որոնք կանխում են հարատև կարգավորումը։ Հակամարտությունն ունի նմանություններ անհանգիստ մեկ այլ տարածաշրջանի` Արևելյան Ուկրաինայի զարգացումների հետ։

Ե՛վ Ուկրաինայի, և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների արմատները կարելի է գտնել Խորհրդային Միության անկումային ընթացքի և փլուզման մեջ։

Ղարաբաղյան խնդիրն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ Միխայիլ Գորբաչևի ղեկավարած խորհրդային բարեփոխականները 80-ականների վերջին մարդկանց տվել են հավաքներ անցկացնելու և պահանջներ ներկայացնելու իրավունք։

Ղարաբաղի հայությունը ցանկացել է միանալ Հայաստանին, Բաքուն դա մերժել է, և Մոսկվայի հստակ դիրքորոշման բացակայության պայմաններում սկսվել են ռազմական բախումներ։ 1994-ին կողմերը հրադադար են կնքել, բայց մարտական գործողությունները մերթընդմերթ շարունակվել են։

Ուկրաինայում ռազմական բախումներն ավելի ուշ են սկսվել։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախացած Ուկրաինան հայտնվել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Պայքարի մեջ ներքաշվել են Ուկրաինայի եվրոպամետ արևմտյան շրջաններն ու ռուսամետ արևելքը։

2014-ին ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչը գահընկեց է արվել, իշխանությունը ստանձնել են աևմտամետ ուժերը, ռուսները բռնակցել են Ղրիմը և սկսել են անմիջականորեն սատարել Դոնբասի զինված անջատականներին։

Թե՛ Ղարաբաղի, թե՛ Ուկրաինայի դեպքում Ռուսաստանը և Արևմուտքն ակտիվ միջնորդական ջանքեր են գործադրում։ Երկու կոնֆլիկտներն էլ ընթանում են տարածքներում, որտեղ Ռուսաստանը և Արևմուտքը ներքաշվել են մրցակցության մեջ և իրենց սեփական շահերն են հետապնդում։ Ուկրաինայի դեպքում դա Արևելյան Եվրոպան է, Ղարաբաղի դեպքում` Կովկասը։

Արևմտյան երկրները բաժանվել են երկու մասի, Ամերիկան և Լեհաստանը Ռուսաստանի նկատմամբ ունեն ավելի կոշտ վերաբերմունք, քան Գերմանիան և Ֆրանսիան։ Բայց ընդհանուր առմամբ Մոսկվան և Արևմուտքը որդեգրել են իրարամերժ դիրքորոշումներ։ Դրա հետևանքով էլ թե՛ մեկ, թե՛ մյուս կոնֆլիկտի դեպքում շատ դժվար է ձեռք բերել համապարփակ և բոլորի համար ընդունելի լուծումներ։

Տեղական պառակտումներն ու ագրեսիան ունեն նշանակություն, բայց ոչ պակաս կարևոր դեր է կատարում հակամարտ կողմերի վրա ազդեցություն գործելու մրցակից հզոր դերակատարների ցանկությունը։

Բնավ երաշխավորված չէ դիվանագիտական բանակցային աշխատանքի հաջողությունը, ավելին, որոշ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստանը, փորձում են հանդես գալ կարգավորմամբ չափազանց հետաքրքրված կողմի դերում, նույնիսկ ուզում են դառնալ գլխավոր միջնորդ և միաժամանակ այնպես անել, որ երկու հակամարտություններն էլ մնան «կառավարելի»։

Stratfor-ի փորձագետները նշում են, որ միշտ կա փոխզիջման և առաջընթացի հնարավորություն, սակայն քաղաքական հարցերում առաջխաղացումը պետք է ուղեկցվի տարրական անվտանգության ապահովման բաղադրիչների իրագործմամբ, այդ առումով ո՛չ Լեռնային Ղարաբաղում, ո՛չ Ուկրաինայում չկա կայուն հրադադար։

«Մինչև դա չապահովվի, կոնֆլիկտները կշարունակվեն` անկախ այն բանից, թե քանի ներկայացուցչական հանդիպում կլինի, կամ քանի կարևոր պարտավորություն կստանձնեն դիվանագետները»,- կարծիք են հայտնել վերլուծական կենտրոնի փորձագետները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG