Մատչելիության հղումներ

Թուրքիայից լոլիկի անօրինական ներկրումը դժվարացնում է տեղականի սպառումը


Արարատի մարզի Ղուկասավան գյուղում երկու հեկտար ջերմոցային տնտեսություն ունեցող Ռազմիկ Համբարչյանի խոսքով, արդեն 6 տարի կանգնած են այս խնդրի առաջ:

Նրա խոսքով, չնայած լոլիկի ներկրման համար բավականին բարձր մաքսատուրք է սահմանված, սակայն, Հայաստանը թուրքական լոլիկով հեղեղելով, լուրջ խոչընդոտ են ստեղծում տեղական արտադրանքի համար։

«Գալիս ա Վրաստան 20 տոննանոց ապրանքը, էնտեղ դատարկվում է երկու տոննանոց բեռնատարների մեջ, անցնում ա մեր տամոժնիով, վայ թե 50 հազար դրամ ա դրանց ստավկեն, կաշառքը, անցնում են, գալիս են Հայաստան», - Թուրքիայից լոլիկի ապօրինի ներկրման իրեն հայտնի մեխանիզմը նկարագրեց Համբարչյանը:

Նրա փոխանցմամբ, ջերմոցային տնտեսությունում մեկ կիլոգրամ լոլիկի արտադրության համար ծախսում են 300-400 դրամ։ Իր հաշվարկներով, օրինական ներկրման դեպքում թուրքական լոլիկը պետք է ավելի թանկ վաճառվեր Հայաստանում: Սակայն հակառակն է. տեղական արտադրանքը թուրքականից առնվազն 100-150 դրամով թանկ է վաճառվում։

Համբարչյանը համոզված է, որ Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի պատժամիջոցների կիրառումից հետո բանջարեղենի ավելի մեծ խմբաքանակներ են մտնում Հայաստան՝ դարձյալ անօրինական ճանապարհով․ - «Շահագրգռված մարդկանց շրջանակ կա, հասկանալի է: Դա մի հոգու գրպան չի գնում․․․ Նպատակային ուզում են փոշիացնեն մեր տնտեսությունները: Ինչի՞ համար․․․ մի քանի հոգու գրպանի համա՞ր: Մեր գյուղնախարարությունը ի՞նչ ա մտածում»:

Ջերմոցատերերի պնդումներին հակառակ, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ թուրքական լոլիկի վերջին խմբաքանակը Հայաստան է ներմուծվել մարտի 23-ին։ Պաշտոնական աղբյուրները նշում են, որ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ այստեղ իրացվել է մոտ 120 տոննա լոլիկ։

Ղուկասավանցի ջերմոցատիրոջ համոզմամբ, սակայն, դա չի արտացոլում իրական վիճակը, քանի որ, նրա խոսքով, սահմանային անցակետում մաքսազերծման թանկ գին ունեցող լոլիկը հաճախ Հայաստան է մտնում այլ անվանումներով․ - «Կարող ա որպես կարտոշկա ձևակերպեն, կամ քյալամ ձևակերպեն, կամ սոխ ձևակերպեն․․․ բայց ոչ լոլիկ»:

Այսօր Երևանի շուկաներից մեկում բոլոր լոլիկ վաճառողները գնորդներին համոզում էին, որ տեղական ապրանք են վաճառում։ Պնդում էին, որ շուկայում կա թուրքական լոլիկ, բայց դա իրենցը չէ։

Սակայն շուկայում բանջարեղեն ներկրողներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, նշեց, թե առանց մաքսազերծման բերելու ու վաճառելու մենաշնորհը «վերևներինն» է։ Սրտնեղած նշեց, թե թիկունք չունեցող ներկրողների համար մաքսազերծման գները չափազանց թանկ են ու հաճախ անհասանելի․ - «Իրա ինքնարժեքից չորս անգամ ավել ռազտամոժկի գին ա դրել․․․ Ինչի՞ համար, որ բիզնեսով մենակ դու զբաղվի՞ս: Էնա երկրի, աշխարհի տերն ես, էլի, բավարարվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG