Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն լայնածավալ զորավարժություն կանցկացնի Լեհաստանում


Կալինինգրադի հետ սահմանակից Լեհական քաղաքներում ՆԱՏՕ-ն հունիսի 7-ից 17-ը լայնածավալ զորավարժություն կանցկացնի, որին ներգրավված կլինի ավելի քան 31 հազար զինվորական:

«Անակոնդա» անունը կրող զորավարժությանը ՆԱՏՕ-ի անդամ 28 պետություններից կմասնակցեն 18-ը:

Այսօր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ընթացող Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայտարարեց, որ զորավարժությունը լինելու է պաշտպանողական մարտավարությամբ:

Ապաթուրայը նաև վստահեցրեց, որ լայնածավալ այս զորավարժությունը կապված չէ Կալինգրադում ռուսական հրթիռների տեղակայման հետ և որ այս զորավարժությունը ծրագրված էր դեռ երկու տարի առաջ:

Զորավարժությունը կանցկացվի երկու փուլով, ցամաքային ուժերից բացի դրան կմասնակցեն նաև Բալթյան ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի նավատորմերը, 105 միավոր ուղղաթիռ ու ռեակտիվ ուղղաթիռ, ավելի քան 2900 տանկ ու այլ զրահատեխնիկա:

ՆԱՏՕ-ի անդամ երկրներից բացի զորավարժությանը կմասնակցեն նաև Ուկրաինան ու Վրաստանը:

Ապաթուրայի խոսքով, թեև զորավարժությունը կապված չէ ռուսական ուժերի տեղակայման հետ, բայց ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Ռուսաստանի քաղաքականությանը և անդամ պետություններից շատերը թերահավատ են, որ Ռուսաստանն իսկապես նոր ուժերը տեղակայում է պաշտպանական նկատառումներով:

Բալթյան ծովից բացի Ապաթուրայը խոսեց նաև Սևծովյան զարգացումների մասին՝ ընդգծելով Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի հարցը:

«Ղրիմի անօրինական բռնակցումից հետո Ռուսաստանն, ըստ էության, ավելացրեց իր ռազմական ներկայությունը Սև ծովում, ինչը բնականաբար մտահոգում է մեզ, և կարծում եմ մեզ անհանգիստ ապագա է սպասվում», - նշեց նա:

Ապաթուրայի փոխանցմամբ, այս հատվածում ևս ՆԱՏՕ-ի անդամ երկրները ամրապնդելու են իրենց պաշտպանական համակարգերը՝ երաշխավորելով տարածաշրջանի անվտանգությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով ներկայացուցիչը նաև հավելեց, որ Դաշինքը շարունակելու է ակտիվ համագործակցությունը Վրաստանի հետ:

«ՆԱՏՕ-ի դռները բաց են բոլորի համար և Դաշինքը պատասխանատու է անդամ երկրների անվտանգության համար», - ասաց Ջեյմս Ապաթուրայը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG